Կառավարության որոշումը, որն անհատ տաքսու վարորդներին պարտավորեցնում է իրենց մատուցած ծառայության համար սեպտեմբերի 1-ից ուղևորափոխադրման արժեքի 1․5-2%-ի չափով հարկ վճարել, չի կարող ուղևորափոխադրումների ծառայության թանկացման հիմք հանդիսանալ, Armenia Today-ին հայտնել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Փորձագետի կարծիքով՝ կառավարության որոշումը պայմանավորված է բյուջեի դեֆիցիտը լրացնելու նպատակով աղբյուրներ որոնելու մտադրությամբ։ Նա ընդգծել է, որ 10 հազար տաքսու վարորդի հարկման դեպքում պետությունը տարեկան շուրջ 30 մլն դոլար կարող է հավաքագրել։
«ՀՀ կառավարությունը վերանայել է առաջիկա տարիների բյուջետային քաղաքականությունը և մի քանի առաջնահերթություններ է սահմանել, որոնց թվում ենթակառուցվածքների շինարարություններն են, առողջապահական և պաշտպանական համակարգերի բարելավումը։ Եթե ենթադրենք, որ Հայաստանում կա մոտ 10 հազար տաքսու վարորդ, ապա տարվա կտրվածքով պետությունը կարող է մի քանի տասնյակ միլիոն դոլար ստանալ։ Այսինքն՝ կառավարությունն այստեղ ֆինանսական ռեսուրսներ է տեսնում»,- նշել է Մակարյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ տնտեսական ակտիվությունը դեռևս բարձր է, բայց կան կանխատեսումներ, որ այն կարող է նվազել։
«Օրինակ՝ S&P Global Ratings-ի տվյալներով՝ ՀՀ-ում 2024-ին տնտեսական աճը 6․2% է կազմելու։ Կան կանխատեսումներ, որ տնտեսական ակտիվության նվազման արդյունքում բյուջեի դեֆիցիտը մոտ 4 տարվա համար կկազմի 1 մլրդ դոլար։ Այսինքն՝ միջինը տարեկան մոտ 250 մլն դոլար դեֆիցիտ ենք ունենալու և, բնականաբար, պետությունը պետք է աղբյուրներ որոնի, որոնցով պետք է լրացնի այդ պակասը»,- հավելել է Մակարյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանում բոլոր աշխատողները հարկ են վճարում, և այդ իմաստով տաքսու վարորդները չպետք է բացառություն լինեն, իսկ օրական 10-15 հազար դրամ աշխատավարձի դեպքում 2% հարկը տաքսու վարորդների համար կարժենա 200 դրամ, ինչը մեծապես չի ազդի նրանց ֆինանսական վիճակի վրա։
«Տաքսիստներն ազատված են հարկերից, բայց արտոնությունը որոշակի գին ունի, որը պետք է վճարել։ Իմ հաշվարկով՝ յուրաքանչյուր տաքսիստ օրական մոտավորապես 10-15 հազար դրամ է աշխատում, և այս դեպքում 2%-ը 10 000 դրամի դեպքում կկազմի ընդամենը 200 դրամ։ Կիրակիները չհաշված՝ հարկի չափը տարեկան կկազմի մոտ 200-250 դոլար։ Եթե օրական 200 դրամ է, ապա 30 օր աշխատելու դեպքում կկազմի 6000 դրամ։ Չեմ ասի, թե տաքսիստները լավ են վաստակում, բայց վատ էլ չեն վաստակում։ Օրինակ՝ 25 օր աշխատելու դեպքում օրական եկամուտը կարող է կազմել մինչև10 հազար դրամ․ 8 ժամ 10 ժամ քշողներն օրական 10-15 հազար դրամ մաքուր գումար են աշխատում։ Չեմ կարծում, որ այս դեպքում 200 դրամ հարկի պատճառով պետք է սկսեն ծառայությունները թանկացնել, որովհետև 200 դրամն այն թիվը չէ, որը կարող է ազդել իրենց եկամուտների և տնտեսական գործունեության վրա»,- շեշտել է նա։
Մակարյանը նշել է, որ անհատ տաքսու վարորդներն ավելի շատ դժգոհ են ոչ թե կառավարության որոշումից, այլ ծանրաբեռնված խաչմերուկներից, որոնց պատճառով մեքենաները շատ վառելիք են ծախսում։
«Միակ խնդիրը քաղաքի երթևեկությունն է, ծանրաբեռված խաչմերուկները, որոնց պատճառով մեքենաները կարող են շատ վառելիք ծախսել»,- նշել է նա։
Մակարյանն ընդգծել է նաև մասնավոր տաքսի ծառայությունների որակի խնդիրը, որը խոսում է հաճախորդին հարգելու մշակույթի մասին։ Օրինակ՝ մեքենայի մաքրությունը, որը որոշ անհատ տաքսի վարորդների կողմից անտեսվում է։
«Կան տաքսու վարորդներ, ովքեր օրերով մեքենան չեն լվանում, մեքենայում ծխում են, բացարձակ չեն հարգում ուղևորին, վարում են այնպես, ինչպես ուզում են։ Նախ պետք է սկսել հարգել հաճախորդին։ Երբ կսկսեն հարգել, ուշադրություն դարձնել ծառայության որակին, այդ ժամանակ կարող են մտածել գները բարձրացնելու մասին։ Իսկ, ընդհանուր առմամբ, աշխատած եկամտի համար պետք է վճարել պետությանը»,- եզրափակել է Մակարյանը։
Կառավարությունն օգոստոսի 22-ի նիստում ընդունել էր ՊԵԿ-ի նախագիծը, որով անհատ տաքսու վարորդներն ուղևորափոխադրման արժեքի 1,5-2%-ի չափով հարկ են վճարելու։
Աննա Բադալյան