ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաշտոնական ծանուցում չի ստացել այն մասին, թե Հայաստանից ՌԴ արտահանված ելակի մեջ վտանգավոր նյութ է հայտնաբերվել։
«Պաշտոնական ծանուցում չենք ստացել»,- Armenia Today-ին հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով հայկական «ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ հայտնաբերելու» հրապարակմանը։
Հարությունյանը տեղեկացրել է, որ ՍԱՏՄ-ն մինչև օրս պաշտոնական ծանուցում չի ստացել նաև հայկական կոնյակների վերաբերալ օգոստոսի 20-ի հրապարակման մասով։
Mash-ն օգոստոսի 28-ին գրել էր, որ ՀՀ-ից ՌԴ արտահանված 4 տոննա ելակի խմբաքանակում «հայտնաբերվել է տեբուկոնազոլ պեստիցիդը, որը քայքայում է էնդոկրին համակարգը և արգելված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում»։
Օգոստոսի 20-ին ՏԱՍՍ-ը գրել էր՝ «հետազոտությամբ պարզվել են, որ ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն»։ Հարությունյանն Armenia Today-ին այդ ժամանակ հայտնել էր, որ հայկական կոնյակների վերաբերյալ հետազոտության մասին ՌԴ-ից պաշտոնական նամակ չեն ստացել և սպասում են բացատրության։
2024-ի մարտին Ռուսաստանն աղիքային ցուպիկի պատճառով արգելել էր Հայաստանից կարմիր խավիարի ներկրումը։ Փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել էր Հայաստանում արտադրվող «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակների վաճառքը՝ փետրվարի 12-ին այն խմելու պատճառով Վլադիկավկազի բնակիչներից մեկի կերակրափողի այրվածքի մասին հաղորդումներից հետո։ Հուլիսի 26-ին «Ռոսսելխոզնադզորը» անհանգստություն էր հայտնել ՀՀ-ից ոչ անվնաս արտադրանքի արտահանման դեպքերի աճի հետ կապված։