2024 թվականի սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում գործելու են նոր կարգավորումներ, ըստ որոնց՝ տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատները պետք է հարկ վճարեն և ուղևորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրեն։
Կազմակերպությունների դեպքում պատասխանատվությունը տնտեսվարողինն է, անհատ վարորդների կամ օնլայն հավելվածներից պատվերներ ստացողների պարագայում վարորդն ինքը պետք է գրանցվի ՊԵԿ հավելվածում, հարկ վճարողի հաշվառման կոդ ստանա և պատվերի ավարտին ՀԴՄ կտրոն տրամադրի։
Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 2 տոկոսի չափով, իսկ 2026թ․ հունվարի 1-ից՝ 5 տոկոսի չափով: Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 1․5 տոկոսի չափով, իսկ 2026թ․ հունվարի 1-ից՝ 4 տոկոսի չափով: Սեպտեմբերի 1-ից ՊԵԿ համակարգում չգրանցված վարորդների համար սահմանվում է 500 000 դրամի չափով տուգանք։
Armenia Today-ը հետաքրքրվել է վարորդներից, թե ինչպե՞ս են գնահատում նոր օրենքը, ի՞նչ ռիսկեր են տեսնում և արդյոք, իրենց կարծիքով, ծառայությունն ուղևորների համար կթանկանա՞։
Հարցման մասնակիցների մեծ մասը քննադատել է կառավարության որոշումը՝ այս նախաձեռնությունը լրացուցիչ «բեռ» անվանելով։ Վարորդներն ընդգծել են, որ իրենց մեքենան արդեն իսկ տարբեր ձևերով հարկվում է՝ գույքահարկ, տեխնիկական անձնագիր, տուգանքներ, պահեստամասերի գնում և այլն։
«Պետությունն ինձ համար 1 լումայի ոչինի չի արել։ Իմ մեքենան ամեն վարկյան հարկվում է՝ վառելիքից, քսայուղերից, պահեստամասերից հարկ ենք տալիս։ Տարեկան միայն մեքենայի հարկերը կազմում են 150 000 դրամ։ Մի հատ էլ 2,5 տոկոս տամ, որ պարոն Փաշինյանն ու իր կինը եվրոպաներում ժամանակ անցկացնեն, չեմ տա։ Թող տուգանեն, ես չորս երեխա ունեմ, ինձ ի՞նչ պետք է անեն։ Առավոտից մինչ երեկո 9000 դրամի եմ վարել, դրանից էլի՞ հարկ տամ», – ասաց մեր զրուցակիցը։
Անհատ վարորդներից ոմանք կարծում են, որ իշխանությունները պետք է հաստատագրված հարկ սահմանեն՝ հաշվի առնելով իրենց անկայուն ուղևորների թիվը։
«Թող գոնե մի բան որոշեն, ամիսը, օրինակ, 5000 կամ 7000 դրամ վճարենք ու վարենք։ Պետությունը մեզ ինչո՞վ է աջակցում։ Թող գան, այստեղ կանգնեն, տեսնեն քանի՞ ուղևոր է նստում օրվա մեջ, որ մի հատ էլ հարկվենք։ Իսկ ի՞նչ է մեզ տալիս պետությունը։ Արենդով մեքենա ենք քշում, ոչ մի բանով չեն աջակցում։ Ժամանակին կանգնել ենք իր կողքը, Փաշինյանն ասել է՝ տաքսիստներն ի՞նչ են աշխատում, որ մի հատ էլ հարկ վճարեն։ Էլի կարող ենք հասկանալ, բոլորս էլ թեթև գումար վճարենք, որ ամենքիս համար լավ լինի»,- հայտարարեց վարորդներից մեկը։
Որոշ հարցվածներ նշեցին, որ բողոքելու են կառավարության որոշման դեմ։ «Սեպտեմբերի 1-ից չենք աշխատի, ընտանիքի անդամներին, նրանց, ովքեր սնվում են այս աշխատանքից կհավաքենք, կգնանք նրանցից մեկի տանը կապրենք, կարծում եմ՝ վատ չեն ապրում»,- ասաց մեր զրուցակիցը։
Միևնույն ժամանակ՝ կառավարության որոշմանը չհամաձայնող վարորդները պատասխանեցին, որ հարկերի բարձրացումը կազդի տաքսիների ուղեվարձի վրա։
«Ինչքան հարկի չափը կլինի, այնքան էլ ծառայությունը կթանկանա։ Քաղաքացին է վճարելու, բա ո՞վ է վճարելու։ Ես օրենքից տեղյակ չեմ, կգա սեպտեմբերի 1-ը՝ կտեսնենք, ոչնչից տեղյակ չեմ, մեզ ոչինչ չեն ասել։ Օնլայն չեմ քշում, գինն էլ մեզնից կախված չէ, այսօր գինը որոշում է «Յանդեքսը»»,- ասաց վարորդներից մեկը։
Ըստ նրանց՝ այս բեռն ընկնում է ոչ միայն վարորդի, այլև ուղևորի վրա։
«Ծառայության թանկացման մասին ուղևորը թող մտածի։ Ես «Յանդեսքի» վարորդ եմ, երևի իմ փոխարեն «Յանդեքսը» պետք է վճարի։ Ես հարկ վճարելու համար բողոքի ակցիա չեմ անի։ Ձեզանից առավե՞լ եմ, որ Դուք վճարեք, ես՝ չէ»,- պատասխանեց մեկ այլ վարորդ։
Վարորդներն ունեն նաև համակարգված մոտեցում՝ կպայքարեն, բողոքի ակցիաներ են նախատեսում ՊԵԿ-ի և կառավարության մոտ։ Նրանց խոսքով՝ եթե անարդյունք լինի, ծառայությունն ուղևորների համար կթանկացնեն՝ մինիմալ արժեքը դարձնելով 1500 դրամ։
Հարցման մասնակիցների շրջանում կային նաև վարորդներ, ովքեր կիսում են կառավարության տեսակետը և պատրաստ են վճարել։
«2 տոկոսն ինչ է, իհարկե՝ կվճարեմ, չէ ո՞ր դա գնում է պետբյուջե, որտեղից էլ ստանում ենք թոշակ, ծախսվում է նաև քաղաքի բարկարգման, բարելավման վրա»,- ArmeniaToday-ի թղթակցին ասաց անհատ վարորդը։
Մանրամասները՝ տեսանյութում։