Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը հաստատել է շուրջ 150 տուժած տնտեսվարողի տվյալ, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանձնաժողովը հաստատված տվյալները կտրամադրի Էկոնոմիկայի նախարարությանը, որն էլ տնտեսվարողների դիմումների հիման վրա կորոշի շահառուների աջակցության տրամադրման հետագա գործընթացը։
Օգոստոսի 15-ին կայացած կառավարության նիստում որոշվել էր ջրհեղեղից տուժածներին 300 մլն դրամ (750 հազար դոլար) հատկացնել։ Փոխհատուցումը կվճարվի՝ կախված երկու բաղադրիչից՝ վնասի աստիճանից և 2023 թվականին գյուղացիների կողմից բյուջե վճարվող հարկերի չափից։ Չնչին վնասի դեպքում գյուղացիները տուժած տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կստանան 6,6 հազար դրամ, առավելագույնը՝ 1,2 միլիոն դրամ։ Միջին վնասի դեպքում՝ 1 քմ-ի դիմաց 14,9 հազար դրամ, առավելագույնը՝ 1,2 մլն դրամ։ Իսկ էական վնասի դեպքում՝ 24,8 հազար դրամ, առավելագույնը՝ 1,2 միլիոն դրամ։
Երկրորդ աստիճանի վնասի ցածր մակարդակով գյուղացիներին կփոխհատուցվի 2023 թվականի համար վճարված հարկերի 50 տոկոսը՝ նվազագույնը 200 հազար դրամ, առավելագույնը՝ 5 միլիոն դրամ։ Վնասի միջին մակարդակով փոխհատուցումը կազմում է վճարված հարկերի 70 տոկոսը, առավելագույնը՝ 10 մլն դրամ։ Էական վնասի դեպքում՝ նաև նախորդ տարվա վճարված հարկերի 100 տոկոսը, առավելագույնը՝ 15 մլն դրամ։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել էին: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը:
Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետն այցելել էր աղետի գոտի։
ՀՀ կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։ Մայիսի 30-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների գնահատման համար ՀՀ-ն դիմել էր ԵՄ-ին ու ՄԱԿ-ին։
Հունիսի 28-ին Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել էր Լոռու մարզի ջրհեղեղից տուժած գյուղեր, բնակիչները պատմել էին, թե ինչպես են փրկվել ջրհեղեղից։