Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայությունների ոլորտում գործող նոր կարգավորումների համաձայն ՊԵԿ համակարգում գրանցված և հարկ վճարողի հաշվառում անցած տաքսու վարորդների թիվը։
2024 թվականի սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում գործելու են նոր կարգավորումներ, ըստ որոնց՝ տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատները պետք է հարկ վճարեն և ուղևորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրեն։ Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝ 2 տոկոսի չափով, իսկ 2026 թ․ հունվարի 1-ից 5 տոկոսի չափով: Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝ 1․5 տոկոսի չափով, իսկ 2026 թ․ հունվարի 1-ից 4 տոկոսի չափով:
Armenia Today-ի օգոստոսի 30-ի հարցմանը մասնակցած Երևան քաղաքի վարորդների մեծ մասը քննադատել էր կառավարության որոշումը՝ այս նախաձեռնությունը լրացուցիչ բեռ անվանելով իրենց վրա։ Վարորդներն ընդգծել են, որ իրենց մեքենան արդեն իսկ տարբեր ձևերով հարկվում է՝ գույքահարկ, տեխնիկական անձանագիր, տուգանքներ, պահեստամասերի գնում և այլն։ Միևնույն ժամանակ, կառավարության որոշմանը չհամաձայնող վարորդները պատասխանեցին, որ հարկերի բարձրացումը կբարձրացնի նաև տաքսիների ուղեվարձը քաղաքացիների համար։
Փորձագետն Armenia Today-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ կառավարության որոշումը, որն անհատ տաքսու վարորդներին պարտավորեցնում է իրենց մատուցած ծառայության համար սեպտեմբերի 1-ից ուղևորափոխադրման արժեքի 1․5-2%-ի չափով հարկ վճարել, չի կարող ուղևորափոխադրումների ծառայության թանկացման հիմք հանդիսանալ։
ՊԵԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 2-ի դրությամբ՝ էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություն մատուցող 20 000 քաղաքացի պարզեցված ընթացակարգով արդեն գրանցվել է հարկային մարմնում։
Ըստ հաղորդագրության՝ էլեկտրոնային հարթակների միջոցով՝ կանխիկ և անկանխիկ գործարքներով, 10 000 վարորդի կողմից գեներացվել է շուրջ 150 000 էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ մոտ 192 մլն դրամի չափով։
ՊԵԿ-ը հավելել է, որ տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդների համար մշակվել է My tax բջջային հավելվածը։ Android-ի համար հավելվածը գտնվում է հաստատման փուլում։
Օգոստոսի 30-ին Armenia Today-ը հետաքրքրվել էր վարորդներից, թե ինչպե՞ս են գնահատում նոր օրենքը, ի՞նչ ռիսկեր են տեսնում և արդյոք, իրենց կարծիքով, ծառայությունն ուղևորների համար կթանկանա՞։