Սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» թեմայով փակ նիստ է տեղի ունեցել, որտեղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հիմնավորել է, որ թե՛ Աբովյանի մարզադաշտում, թե՛ կառավարության նիստը ընթացքում արձանագրված հոսանքազրկումները ՀԷՑ-ի հետ կապ չունեն, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նիստը կայացել է ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանի նախաձեռնությամբ, որին մասնակցել են նաև ՔՊ պատգամավորներ։
«Ղալումյանը ներկայացրել է, թե քաղաքացիներից բողոքներ են ստացել հոսանքազրկումների վերաբերյալ, և որոշել են պատասխանատուների հետ հարցուպատասխանի ընթացքում հասկանալ՝ արդյոք ՀԷՑ-ը սաբոտա՞ժ է անում։ Բաղրամյանը մասնագիտական հիմնավորումներով ապացուցել է, որ ՀԷՑ-ը սաբոտաժ չի անում»,- ասված է հրապարակման մեջ։
Բաղրամյանը նշել է, որ 2023 թվականի նոյեմբերի 25-ի կառավարության նիստի ընթացքում թեպետ հոսանքն անջատվել էր, սակայն բարձրախոսներն աշխատել են, ինչը ցույց է տալիս, որ շենքում հոսանք կար, պարզապես տեխնիկական խնդիրների պատճառով այն մի պահ անջատվել էր։
«ՔՊ պատգամավորները հարցախեղդ են արել Բաղրամյանին, փորձելով հասկանալ՝ հոսանքազրկումների հետ կապված խնդիրները լուծելն արդյոք «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի պարտականությունը չէ՞։ Զուգահեռ՝ Բաղրամյանը պնդել է պետության աջակցության անհրաժեշտության մասին։ Նա ասել է, որ եթե աջակցություն չլինի՝ ծախսերը հոգալու համար ընկերությունը պետք է թանկացնի հոսանքը։ Որպեսզի տպավորություն չլինի, թե Կարապետյանի դեմ ինչ-որ բան է արվում, ՔՊ պատգամավորները հպանցիկ անդրադարձել են նաև «Վեոլիա ջրին» ու ջրանջատումների վերաբերյալ բողոքներին»,- հավելել է թերթը։
«Հրապարակն» օգոստոսի 24-ին գրել էր, որ ՔՊ-ն օգոստոսի 22-ին նախաձեռնող խմբի նիստում քննարկել է էներգետիկայի ոլորտում մենաշնորհը վերացնելու, ՀԷՑ-ի ակտիվները Կարապետյանից խլելու հնարավորության և ՀԷՑ-ն ազգայնացնելու ծրագրի մասին։
Օգոստոսի 21-ին Armena Today-ին ՀԷՑ-ից հայտնել էին, որ Աբովյանում Կոնֆեդերացիաների լիգայի խաղարկության «Նոա»-«Ռուժոմբերոկ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումը պայմանավորված էր ստադիոնին էլեկտրաէներգիա մատակարարող ենթակայանում տեղի ունեցած վթարով։ 2023-ի նոյեմբերի 23-ին Փաշինյանի ելույթի ժամանակ տեղի էր ունեցել էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում։ Նոյեմբերի 25-ին ՀԷՑ-ից «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ խափանումը պայմանավորված էր «Հայաստանի բարձրավոլտ ցանցերում» աշխատանքներով, ինչը դուրս է էլցանցերի պատասխանատվությունից։