«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը սեպտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում մեկնաբանել է ընկերությունն ազգայնացնելու մասին լուրերը: Ասուլիսի հեռարձակման ուղիղ միացումն ապահովել է Armenia Today-ը՝ YouTube-ի իր ալիքում։
«Բացառում եմ»,– ասել է նա՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հրապարակումները, ըստ որոնց Հայաստանի իշխանությունները քննարկում են ընկերության ազգայնացումը։
Սեպտեմբերի 4-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովում ՀԷՑ-ի թեմայով փակ քննարկում է տեղի ունեցել։ «Հրապարակն» օգոստոսի 24-ին գրել էր, որ ՔՊ-ն օգոստոսի 22-ին նախաձեռնող խմբի նիստում քննարկել էր էներգետիկայի ոլորտում մենաշնորհը վերացնելու, ՀԷՑ-ի ակտիվները «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանից խլելու հնարավորության և ՀԷՑ-ն ազգայնացնելու ծրագրի մասին։
«ՀԷՑ-ը քաղաքականությունից դուրս կառույց է և կշարունակի այդպիսին մնալ։ Մենք չենք զբաղվում քաղաքականությամբ։ Չեմ էլ ուզում քննարկել այդ վարկածը ու, միանշանակ, բացառում եմ»,- ընդգծել է Դարբինյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին։
Դարբինյանը հավելել է, որ վերջին շրջանում հաճախակի դարձած հոսանքազրկումները որոշ շրջանակներ որպես «նախընտրական շրջանին ընդառաջ՝ բոյկոտ են ներկայացնում»։ Նա վստահեցրել է, որ նման ենթադրությունները ընդհանուր ոչինչ չունեն ընկերության հետ, որը կատարում է իր պարտականությունները։
ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հավելել է, որ ընկերության բաժնեմասերի մի մասը կառավարությանը փոխանցելու քննարկում տեղի չի ունեցել։
«Նման քննարկում երբևէ տեղի չի ունեցել, խոսակցություններ ևս չկան»,- ասել է Հարությունյանը։
«Տաշիր» ընկերությունների խումբը ՀԷՑ-ը գնել էր 2015 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի փետրվարի 14-ին ՀԷՑ-ի ղեկավարությունը ներկայացրել էր վերջին 6 տարվա էլեկտրաէներգիայի անջատումների նվազեցման միջոցառումների, Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքի արդիականացման ներդրումային ծրագրերը և դրանց իրականացման ընթացքը։ Ընկերության ղեկավարները նաև ամփոփել էին 2023 թվականի պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման արդյունքները։ Ընկերության գլխավոր տնօրենը տեղեկացրել էր, որ 2017 թվականից ներգրաված ներդրումները կազմել են ավելի քան 680 մլն դոլար (ներառյալ ԱԱՀ): Նա վստահեցրել էր, որ ներդրումներն ուղղված են սպառողների էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման և վերահսկման խելացի համակարգերի ներդրմանը, ինչպես նաև նոր սպառողների միացմանն էլեկտրացանցին:
Սեպտեմբերի 4-ին ընկերության ղեկավարությունը պատմել է Երևանի կենտրոնում էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման համար 16․5 մլն դոլար (6․4 մլրդ դրամ) ներդնելու մտադրության մասին։
Հարությունյանը նաև հայտնել է, որ մոտ 10 օրից Երևանի կենտրոնում ընկերությունը նոր մալուխագծերի անցկացման աշխատանքեր է սկսելու։
Մանրամասները՝ տեսանյութերում։