Էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրը Հայաստանում խորանում է, հարցը քննարկելու համար խորհրդակցություն եմ հրավիրել, կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնել է, որ մարզային այցերի ժամանակ քաղաքացիներից հոսանքազրկումների մասին բողոքներ է ստացել։
«Հայաստանի բոլոր մարզերում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված բողոքներ կան։ Էլեկտրաէներգիայի մատակարարումից բողոքում են Երևանում, մշակութային, սպորտի և գյուղատնտեսության ոլորտներում։ Կառավարության նիստի ընթացքում հոսանքի անջատումը (2023թ․ նոյեմբեր-խմբ․) բոլորիս համար պետք է ահազանգ լիներ, որ ինչ-որ բան այնպես չէ։ Առաջիկայում ինձ մոտ պետք է խորհրդակցություն տեղի ունենա, որտեղ բացատրություններ եմ ակնկալում»,- հավելել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը լուծելու հստակ ծրագիր է անհրաժեշտ։
«Էլեկտրաէներգիայի մատակարարման խնդրի լուծման հակառակ ուղղությամբ ենք գնում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ու Էկոնոմիկայի նախարարությունից հստակ ծրագիր եմ ակնկալում»,- ասել է նա։
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել է, որ վերջին տարիներին բաժանորդների թվի աճ է գրանցվել (68 000-խմբ․), և այդ սպառողների համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներդրումային մեծ միջոցներ է ծախսում։
«Այն ներդրումները, որոնք պետք է ուղղվեին սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, այլ ուղղությամբ են ծախսվում, և այս պայմաններում ընկերության հնարավորությունները նվազում են»,- ընդգծել է Բաղրամյանը՝ շեշտելով, որ ընկերության ներդրումային հնարավորությունները մեծացնելու քայլեր են մշակում։
Սեպտեմբերի 4-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովում ՀԷՑ-ի թեմայով փակ քննարկում էր տեղի ունեցել։ «Հրապարակն» օգոստոսի 24-ին գրել էր, որ ՔՊ-ն օգոստոսի 22-ին նախաձեռնող խմբի նիստում քննարկել էր էներգետիկայի ոլորտում մենաշնորհը վերացնելու, ՀԷՑ-ի ակտիվները «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանից խլելու հնարավորության և ՀԷՑ-ն ազգայնացնելու ծրագրի մասին։
ՀԷՑ-ի ղեկավարությունը սեպտեմբերի 4-ի ասուլիսում բացառել էր ընկերությունն ազգայնացնելու ծրագրի հնարավորությունը։ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հավելել էր, որ ընկերության բաժնեմասերի մի մասը կառավարությանը փոխանցելու քննարկում ևս տեղի չի ունեցել։ ՀԷՑ-ի ղեկավարությունը ներկայացրել էր նաև թե՛ կառավարության նիստի, թե՛ Օպերայի և բալետի թատրոնի, թե՛ Աբովյան քաղաքում «Նոա»-«Ռուժոմբերոկ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատման պատճառները։
Մանրամասները՝ տեսանյութում։