ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է տաքսու վարորդների հետ և նրանց տեղեկացրել նոր նախաձեռնության մասին, որը դրական ձևով կանդրադառնա բոլոր վարորդների վրա։
«Տեղեկացրեցի, որ օրենսդրական նախաձեռնություն ունեմ, որը դրական ձևով կանդրադառնա բոլոր վարորդների վրա, լսեցի իրենց առաջարկները»,- գրել է Սիմոնյանը՝ չմանրամասնելով, թե ինչ նախաձեռնության մասին է խոսքը:
ԱԺ նախագահը խոստացել է քննարկել բարձրացրած հարցերը գործադիրի գործընկերների հետ և կրկին հանդիպել վարորդներին:
«Հաճելի էր արձանագրել, որ դրական էին խոսում իրենց վերաբերող հարկային նոր փոփոխությունների մասին, խնդիրը միայն իրագործմանը և ձևին էր վերաբերում»,- նշել է Սիմոնյանը:
Կառավարությունն օգոստոսի 22-ի նիստում ընդունել էր ՊԵԿ-ի նախագիծը, որով անհատ տաքսու վարորդներն ուղևորափոխադրման արժեքի 1,5-2%-ի չափով հարկ են վճարելու։ Կանխիկ գործարքի դեպքում վճարը կկազմի 2%, իսկ անկանխիկի դեպքում՝ 1,5%: Այսինքն՝ 1000 դրամի դեպքում վարորդը կվճարի 20 կամ 15 դրամ հարկ։ 2025 թվականի հունվարի 1-ից այդ դրույքներ կլինեն համապատասխանաբար 3,5 և 2,5%, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5 և 4%։
Armenia Today-ի օգոստոսի 30-ի հարցմանը մասնակցած Երևան քաղաքի վարորդների մեծ մասը քննադատել էր կառավարության որոշումը՝ այս նախաձեռնությունը լրացուցիչ բեռ անվանելով իրենց վրա։ Վարորդներն ընդգծել են, որ իրենց մեքենան արդեն իսկ տարբեր ձևերով հարկվում է՝ գույքահարկ, տեխնիկական անձանագիր, տուգանքներ, պահեստամասերի գնում և այլն։ Միևնույն ժամանակ, կառավարության որոշմանը չհամաձայնող վարորդները պատասխանեցին, որ հարկերի բարձրացումը կբարձրացնի նաև տաքսիների ուղեվարձը քաղաքացիների համար։
Փորձագետն Armenia Today-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ կառավարության որոշումը, որն անհատ տաքսու վարորդներին պարտավորեցնում է իրենց մատուցած ծառայության համար սեպտեմբերի 1-ից ուղևորափոխադրման արժեքի 1․5-2%-ի չափով հարկ վճարել, չի կարող ուղևորափոխադրումների ծառայության թանկացման հիմք հանդիսանալ։