Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթեր սկսելու հարցը, Ազգային ժողովի նիստում հայտարարել է ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ տվյալ ուղղություններով մի շարք լուծման ենթակա հարցեր կան, որոնք կարգավորելուց հետո առաջընթաց կլինի։
«Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք թռիչքների մասով քննարկում ենք ունեցել, որոշ օրենսդրական խնդիրներ կան, որոնք պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք լուծել։ Կոդերի հարց կա, Եվրամիության օդային տարածքով չվերթեր իրականացնելու հարց կա, բազմաթիվ տեխնիկական հարցեր կան, որոնց պատասխան պետք է տրվի, բայց, կարծում եմ, այդ ուղղությամբ նույնպես կունենանք առաջընթաց»,- համոզմունք է հայտնել Սիմոնյանը։
ՏԿԵ փոխնախարարը հավելել է, որ Չինաստանի հետ ուղիղ չվերթերի համար մոտ մեկ տարի աշխատանք է տարվել։ «Որքանով ինձ հայտնի է՝ նաև Երևան-Դելի չվերթը պետք է շուտով մեկնարկի»,- հայտնել է նա։
Սեպտեմբերի 9-ին Տուրիզմի հայկական ֆեդերացիան հայտնել էր, որ «Հայկական ավիաուղիներ»-ը նոյեմբերի 15-ից ուղիղ չվերթեր կիրականացնի Հայաստանի դեպի Հնդկաստան։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Չինաստանի միջև գործարկվել էր ուղիղ չվերթ։ Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Մանրամասները՝ տեսանյութում։