Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել այս գործընթացին՝ հիմնվելով Հայաստանի իրավասության և ինքնիշխանության սկզբունքների վրա։
«Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել երեք պետությունների ղեկավարների կողմից և որոնք արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ։ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և պատրաստ է օգնել այստեղ՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից»,- ասել է նա։
Պատասխանելով հայ-ռուսական հարաբերություններում առկա դժվարությունների մասին հարցին՝ Օվերչուկը նշել է, որ «կա լրատվական ֆոն, որը հաճախ բացասական է, և կա իրական աշխարհ»։
«Մենք ունենք ապրանքաշրջանառության ռեալ աճ, ինչը վկայում է մեր երկրների միջև կապերի ամրապնդման մասին, Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ներկայացուցիչների կողմից ռեալ աշխատանք կա։ Պետք է տարբերենք ռեալ աշխարհում տեղի ունեցողը և այն, ինչ պարտադրվում է այս լրատվական տեղեկատվական օրակարգում, որը հաճախ չի համապատասխանում իրականությանը»,- նշել է փոխվարչապետը։
Օվերչուկն ասել է, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մանրամասն քննարկվել են ռուս-հայկական երկկողմ օրակարգը, տնտեսական արդյունքները, Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը, ինչպես նաև ապագայի ծրագրերը։
Նա նշել է, որ 2024 թվականի առաջին վեց ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,4 միլիարդ դոլարը։
«Բոլորս հասկանում ենք, որ նման տնտեսական հաջողություններն, առաջին հերթին, ձեռք են բերվում ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիոն կապերի շնորհիվ»,- ասել է Օվերչուկը՝ հավելելով, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանը «շատ ակտիվ, դրական դեր է խաղում»։
Փոխվարչապետը հայտնել է նաև, որ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը տևել է մոտ 5 ժամ։ Օվերչուկի խոսքով՝ կողմերը քննարկել են տրանսպորտային հաղորդակցության, փոխադարձ առևտրի, ավիացիայի, զբոսաշրջության, հումանիտար ոլորտում համագործակցության հարցեր։
Սեպտեմբերի 13-ին Օվերչուկին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կողմերը քննարկել էին ՌԴ-ի և ՀՀ-ի միջև երկկողմ ձևաչափով համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ձևաչափով փոխգործակցության հարցեր։
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Օվերչուկը պայմանավորվել էին, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա մոտ ապագայում ՌԴ-ում։ Օվերչուկը նաև հայտարարել էր, որ 2023 թվականին երկու երկրների միջև առևտուրն աճել է 55,8 տոկոսով՝ մինչև 7,4 միլիարդ դոլար։ Նա նշել էր, որ 2024թ․ առաջին կիսամյակում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 8,4 մլրդ դոլար և մինչև տարեվերջ կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի։