«Ռոսատոմ»-ն սկսել է Հայկական ատոմային էլեկտրակայանի ռադիոակտիվ թափոնների պահեստի ուսումնասիրությունը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով «Ռոսատոմ սերվիսի» մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ ստուգումներն իրականացվում են կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։ Նպատակն է՝ գնահատել Հայկական ԱԷԿ-ի տարածքում ռադիոակտիվ թափոնների անվտանգ և հուսալի պահեստավորման հնարավորությունը՝ շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար։
Ըստ կայքի՝ փորձաքննությունն իրականացնում են «Ռոսատոմ սերվիս» ԲԲԸ-ի և Ուրան-գրաֆիտային միջուկային ռեակտորները շահագործումից հանելու փորձարարական-ցուցադրական կենտրոնի մասնագետները:
Նշվում է, որ ծրագրի շրջանակներում առաջին ստուգման օբյեկտը ցածր ակտիվությամբ կոշտ թափոնների պահեստն է, որում պարունակվում են պինդ ռադիոակտիվ թափոններ, որոնք առաջացել են ատոմակայանի շահագործման ընթացքում և կուտակվել 1980 թվականից ի վեր։
2023 թվականի դեկտեմբերի 15-ին Հայաստանն ու Ռուսաստանն ստորագրել էին Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու միջոցառումների փաթեթի իրականացման շրջանակային պայմանագիր։