ԵԱՏՄ-ի հետ մեր առևտրաշրջանառությունն աճել է և շարունակում է աճել, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ դա զարմանալի չէ, քանի որ ԵԱՏՄ շուկան բոլորից ավելի մատչելի է Հայաստանի համար։
«Այդտեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Մեր արտադրողի համար, գործարար համայնքի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան, քան մյուս շուկաները»,- հայտարարել է նա։
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ իշխանությունները խնդիր չեն դրել ԵԱՏՄ հետ ՀՀ առևտրաշրջանառության ծավալները նվազեցնելու, այլ խնդիր են դնում ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ մյուս շուկաներում առևտրաշրջանառության ծավալներն ավելացնել։
«Այդ դիվերսիֆիկացիան, այդ թվում՝ տնտեսության, որոշակի գործընթաց է, որը պետք է տեղի ունենա։ Գոնե այն շրջանում, երբ այդ հայտարարությունները հնչել են, դրանք քաղաքական տեսլականի մասին են։ Մենք խնդիր չենք դրել Ռուսաստանի հետ մեր առևտրային կապերը նվազեցնենք կամ խզենք»,- ասել է վարչապետը:
Նա հավելել է, որ ԵՄ հնարավոր անդամակցության շրջանակում կարևոր է Վրաստանի, Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ ու այդ համատեքստում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։
«ԵՄ-ի հետ կապված մեևր հարաբերությունները պետք է լինեն թափանցիկ, ես չեմ կարող բացառել, որ թե մենք տեսնենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն՝ կառավարելի պահելով այն սպառնալիքները, որոնք կարող են այդ ճանապարհին գոյոնալ, մենք բաց չենք թողնի այդ հնարավորությունը,- ասաց Փաշինյանը։
Հուլիսին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ դիվերսիֆիկացիան շատ կարևոր է ՀՀ-ի դիմակայության համար՝ թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային առումով, իսկ ժողովրդավարությունը, միանշանակ, բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը։
Սեպտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Armenia Today-ին հայտնել էր, որ եթե ԱՄՆ-ի հետ շրջանառությունը լիներ 80%, կրկին կխոսեր տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին։