Ցանկացած այլընտրանքային աղբյուրից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է էներգետիկ անվտանգությունը, Ազգային ժողովում լրագրողներին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով խաղաղության հաստատաման դեպքում Ադրբեջանից գազ գնելու հավանականությանը, ինչը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պանելային քննարկմանը չէր բացառել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թունյանի կարծիքով՝ այլընտրանքային աղբյուրից գազ գնելը կնվազեցնի կախվածությունն այլ աղբյուրներից։
«Կախվածությունը լինում է այն ժամանակ, երբ դու որևէ էներգառեսուրս գնում ես մեկ աղբյուրից։ Ցանկացած այլընտրանքային աղբյուրից գազ գնելը ոչ թե ավելացնում, այլ պակասեցնում է կախվածությունը։ Մենք սկսեցինք գազ գնել ՌԴ-ից, այնուհետ Իրանից։ Իսկ երրորդ մատակարարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը»,- շեշտել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ ապագայի հարց է՝ ՀՀ-ն Ադրբեջանից գազ կգնի՞, թե՞ ոչ։
«Եթե ունենանք մի իրավիճակ, ըստ որի կկարողանանք առևտրային հարաբերություններ ունենալ, ապա կարող ենք դիտարկել, թե ով է այդ ռեսուրսն ավելի մատչելի, որակով ու արագ մատակարարում։ Եթե այդ ռեսուրսը մատակարարում է Ադրբեջանը, ապա կարելի է քննարկել Ադրեջանից գազ ձեռք բերելու հարցը, եթե, իհարկել, դա բխում է ՀՀ շահերից»,- հավելել է պատգամավորը։
2023-ի նոյեմբերին Թունյանը չէր բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը։ Հոկտեմբերի 27-ին ՏԿԵ փոխնախարարը հայտարարել էր, որ Հայաստանը, քաղաքական խնդիրների բացակայության դեպքում, պատրաստ է գազ ստանալ Ադրբեջանից։