Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հետ համաձայնագրում փոփոխություններ կատարելու նախագծին՝ 130 մլն դոլարով ավելացնելով գործակալության ներդրումները Հայաստանի զարգացման գործում։
«Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել այնպիսի առանցքային ոլորտների, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբերանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում ընդունել էր որոշում՝ ըստ որի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանին լրացուցիչ 130 մլն դոլար կհատկացնի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական կայունության համար։ Համաձայն 2022 թվականի հունիսի 29-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված դրամաշնորհային պայմանագրի՝ այդ գումարը կազմել էր 120 մլն դոլար։
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն սեպտեմբերի 10-ին ստորագրել էին համաձայնագիր Հայաստանի զարգացման համար դրամաշնորհային ծրագրի մասին, ներառյալ ընդլայնումը։