«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերի մի մասը պետությանը նվիրաբերելու Հայաստանի իշխանությունների մտադրության մասին լուրերը։
«Հրապարակ» թերթը սեպտեմբերի 26-ին գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «ՀԷՑ»-ին ստիպել գնալ նույն քայլին, ինչ արվել էր 2022 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հետ։
«Չէ, ոչ մի քայլ չի անում։ Խոսում են էլի, դուք էլ եք ամեն ինչի մասին խոսում»,- լրագրողի հարցին է պատասխան ասել է Կարապետյանը։
Կարապետյանը գտնվում է Հայաստանում և որպես կնքահայր մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Մյուռոնօրհնության արարողությանը։
Սեպտեմբերի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կոչ էր արել դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների մասին իշխանությունների քննարկումները դիտարկել որպես բիզնեսի ազգայնացման փորձ։ Նա այսպես էր մեկնաբանել «Հրապարակ»-ի՝ օգոստոսի 24-ի հրապարակումը «ՀԷՑ»-ի ազգայնացման իշխանությունների ծրագրերի մասին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը սեպտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում մեկնաբանել էր ընկերությունն ազգայնացնելու մասին լուրերը՝ հայտարարելով՝ «Բացառում եմ»։
«Տաշիր գրուպը» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնել է 2015 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի փետրվարի 14-ին «ՀԷՑ»-ի ղեկավարությունը մամուլի ասուլիսում անդրադարձել էր հոսանքի անջատումների՝ վերջին 6 տարիների դինամիկային, առաջիկա ներդրումային ծրագրերին, 2023-ի պարտատոմսերի թողարկման և բաշխման արդյունքներին։ Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը տեղեկացրել էր, որ 2017 թվականից սկսած ընկերության կողմից ներգրավված ներդրումները կազմել են ավելի քան 680 միլիոն դոլար (ներառյալ ԱԱՀ): Նա վստահեցրել էր, որ ներդումներն ուղղված են սպառողների էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման և վերահսկման սմարթ համակարգերի ներդրմանը, նոր սպառողների՝ էլեկտրական ցանցին միացմանը։
Կարդացեք նաև՝
ՀԷՑ-ի ղեկավարությունը պատմել է Երևանի էներգոհամակարգում ներդրումներ կատարելու ծրագրերի մասին։
Սամվել Կարապետյանը խոսել է Երևանի կենտրոնում էլցանցի նոր համակարգ ստեղծելու ծրագրերի մասին։