Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում աճել է 7,3%-ով, Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«Եթե հիմնվենք մաքսային հսկողության տվյալների վրա, ապա հունվար-օգոստոսին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 7,3 տոկոսով։ Նույն աճը նկատվել է նախորդ տարիներին։ Բայց մենք տեսնում ենք, որ ենթակառուցվածքները մի փոքր հետ են մնում դրանից»,- ասել է նա։
Փոխնախարարը նշել է, որ Հայաստանում մեկնարկել են պետական ծրագրեր, որոնց շրջանակներում իշխանությունները սուբսիդավորում են 5 մլն դոլարի տոկոսադրույքներ:
«Բացի այդ, մենք ունենք երկրորդ ծրագիր, որը թույլ է տալիս նույն չափանիշներով գնել փոխադրամիջոցներ»,- հավելել է Խոջոյանը։
Նրա խոսքով՝ տարեսկզբից ՀՀ իշխանությունները մոտ 150 մլն դոլար են հատկացրել ճանապարհների հիմնանորոգման և մոտ 15 մլն դոլար՝ տեխնիկական վերանորոգման համար։ Խոջոյանը կարևորել է մաքսային ձևակերպումների և տրված վկայագրերի նույնականացման գործընթացների արագացումը։ Նա պարզաբանել է, որ խնդիրն, առաջին հերթին, վերաբերում է փչացող ապրանքներին։
«Այս ոլորտում համագործակցելով՝ մենք կցանկանայինք տեսնել, թե ինչպես կարող ենք արագացնել այդ գործընթացները և ինչպես բարելավել տրված վկայականների նույնականացումը»,- եզրափակել է փոխնախարարը։