Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է ավելի քան 700 միլիոն դոլար, Երևանում իրանական առևտրի կենտրոնի բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա վստահեցրեց, որ մոտ ապագայում նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ, այնուհետև՝ 3 մլրդ դոլարի։
Իրանն ու Հայաստանը փետրվարի 15-ին միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակում ստորագրել էին տնտեսական համագործակցության համաձայնագիր։ Փաստաթուղթը ներառում է 21 կետ՝ 19 ոլորտում տնտեսական համագործակցության վերաբերյալ։
Ապրիլի 16-ին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Armenia Today-ին ասել էր երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու ծրագրերի մասին։ Նա Հայաստանն անվանել էր հարթակ, որի միջոցով Իրանը կարող է մուտք գործել ԵԱՏՄ 200 միլիոն բնակչությամբ շուկա։
Սոբհանին ասել էր, որ մի քանի տարվա ընթացքում Թեհրանի և Երևանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 2-3 անգամ։ Նա նշել էր, որ 2023 թվականին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 704 միլիոն դոլար։