Իրանը պարզեցրել է հայկական պետհամարանիշներով մեքենաների մուտքը ԻԻՀ, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Հայ-իրանական սահմանը հատող ՀՀ քաղաքացիները սեպտեմբերի 28-ից իրենց սեփական ավտոմեքենաներով կարող են ճամփորդել Իրան, հավելել են մարզպետարանից։
«ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը (մաքսային տարանցման փաստաթուղթ), որը կպարզեցնի մաքսային գործընթացները և հնարավորություն կտա նրանց ճամփորդել Իրան հայկական ավտոմեքենաներով։ Շուտով Սյունիքում կգործի գրասենյակ, որտեղ ՀՀ քաղաքացիները տեղում կարող են ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը։ Այսպիսով կրճատվում են մաքսային ընթացակարգերն ու արագանում է անդրսահմանային ճանապարհորդության գործընթացը»,- մանրամասնել են մարզպետարանից։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ փոփոխությունը տեղի է ունեցել օգոստոսին՝ Հայաստանի և Իրանի միջև ստորագրված համաձայնագրի շնորհիվ։
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը նշել է, որ սա լրացուցիչ խթան կդառնա երկու կողմի միջև տնտեսական կապերի ու զբոսաշրջային ոլորտի զարգացման համար։