Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան, որտեղ հոկտեմբերի 1-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման ներկայիս մարտահրավերները։
Պարբերականի տվյալներով՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերության, տրանսպորտի, մաքսային և սակագնային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը։
Կառավարությունների ղեկավարները կդիտարկեն մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։ Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Միության դիտորդ պետությունները և հրավիրված հյուրերը:
Միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը կլինի 40-րդը ԵԱՏՄ-ում և երրորդը՝ 2024 թվականին։ Նախորդ հանդիպումը կայացել էր հունիսի 3-4-ին՝ Բելառուսի Նեսվիժ քաղաքում, որտեղ Հայաստանը ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացել էր ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպումը։