Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունն անվանել է «թշնամական զենք» ԵԱՏՄ երկրների դեմ և հայտարարել այդ քաղաքականությունը չեզոքացնելու կազմակերպության ներուժի մասին։
«Միջազգային հարթակում տնտեսությունը որպես զենք օգտագործելը անկախ զարգացող պետությունների միջև տնտեսական ինտեգրումը, ինչպիսիք են ԵԱՏՄ երկրները, դարձնում է ոչ թե տարբերակ, այլ բնական անհրաժեշտության։ Անկախ պետությունների սերտ համագործակցության ռազմավարությունը կարող է չեզոքացնել այդ քաղաքականությունը»,- նշել է նա Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Արեֆին հիշեցրել է Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու Թեհրանի խնդրանքը և անդամ երկրների աջակցության հույս հայտնել։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն կարող է օգտագործել Իրանի լոգիստիկ ներուժը՝ Պարսից ծոցի, Հարավային և Հարավարևելյան Ասիայի հսկայական շուկաներ դուրս գալու համար։
«Հարավային Իրանի նավահանգիստները տարեկան կարող են տեղափոխել մինչև 210 միլիոն տոննա բեռ, և այդ թիվը շարունակում է աճել։ Իրանը պատրաստ է անդամ երկրների հետ համագործակցությամբ ստեղծել առևտրային և լոգիստիկ կենտրոններ և հատուկ արտոնություններ տրամադրել իր հարավային և հյուսիսային նավահանգիստների զարգացման համար»,- հավելել է Իրանի փոխնախագահը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Արեֆին քննարկել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց զարգացմանը, էներգետիկայի, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Իրանցի պաշտոնյան վերահաստատել է, որ Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անընդունելի համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխություն: Միաժամանակ, նա ընդգծել է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության Իրանի նպատակադրումն ու պատրաստակամությունը: