Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիացի գործընկեր Միշել Բարնիեի հետ հանդիպմանը հայտարարել է, որ շատ է կարևորում ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը երկրի տնտեսության զարգացումն ու դիվերսիֆիկացումն է։ Վարչապետի խոսքով` հայկական կողմն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների և ներդրողների մասնակցությունը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, միջուկային և վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության ու ջրային ոլորտներում ծրագրերի իրականացմանը։
Բարնիեն նշել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ և պատրաստ է հետագայում ևս նպաստել երկկողմ կապերի շարունակական ամրապնդմանը:
«Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա ինտենսիվ երկխոսությունը` շեշտելով նաև երկկողմ տնտեսական և մի շարք թիրախային՝ էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, քաղաքաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերն ընդգծել են նաև ապակենտրոնացված համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` տարածաշրջանների միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման նպատակով:
Հայատանի և Ֆրանսիայի վարչապետներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիայի Հանրապետություն։ Այցի ընթացքում Փաշինյանը Փարիզում՝ Ելիսեյան պալատում, հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։