ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր հյուպատոս Քենան Պոլեոյիի հետ քննարկել է Հայաստանում ներդրումների խրախուսման հնարավորությունները, հայտնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են զբոսաշրջության, ծառայությունների, առևտրի, ենթակառուցվածքների զագացման, ներդրումների խրախուսման հնարավորությունները։
Նախարարը շեշտել է, որ Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ներդրողների համար, և երկրի իրավական բազան ու պետական քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը։
2023 թվականի նոյեմբերին Լոնդոնում կայացել էին հայ-բրիտանական վեցերորդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները, որոնց արդյունքում կողմերն ստորագրել էին 2023-2024 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիրը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին մարտին խոստացել էր աջակցել Հայաստանին՝ ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության սառեցման պատճառով ռուսական սպառնալիքների դեպքում։
Մայիսին ֆրանսիական Intelligence Online հրատարակությանը հայտնի էր դարձել, որ Հայաստանի կառավարությունը կապ է հաստատել բրիտանական Sanctuary Counsel խորհրդատվական ընկերության հետ՝ բրիտանական պաշտպանական ընկերությունների հետ կապեր փնտրելու համար: 2023 թվականի դեկտեմբերին Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանն Armenia Today-ին մեկնաբանել էր Միացյալ Թագավորության հետ Հայաստանի շփումների ակտիվացումը և դա կապել Ուկրաինայի իրավիճակի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության հետ։