«Հայաստանում կրիպտոարժույթների կարգավորման մասին» օրինագիծը, որը մշակվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից, կանխիկացնելիս հաճախորդներին բացահայտելու միջոցով երկրում կիբերհանցագործությունների դեմ պայքարն ուժեղացնելու նպատակ ունի։ Նման կարծիք Armenia Today-ին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ գնահատելով խորհրդարանի կողմից օրինագիծն ընդունելու ռիսկերն ու հեռանկարները։
Հոկտեմբերի 18-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն էր տվել երկրում կիբերհանցագործության դեմ պայքարի մասին օրենքում կրիպտոարժույթների հետ կապված գործունեության վերահսկողության վերաբերյալ փոփոխություններին։ Օրենքն ուղղված է ոլորտը կարգավորելուն և ըստ այդմ՝ առուվաճառքով զբաղվելու կամ կրիպտոակտիվներով գործարքների իրականացնման համար անհրաժեշտ է գրանցվել որպես իրավաբանական անձ և ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստանալ համապատասխան լիցենզիա։
Նաև, ըստ հիմնավորման, օրենքի նախագիծը միտված է ստեղծելու հաճախորդների «շահերի պաշտպանության գործուն մեխանիզմներ»։ Դրա ընդունմամբ ոստիկանությունը կկարողանա հաճախորդներից ստանալ բողոք-պահանջներ, անցկացնի քննություն՝ ապահովելով հաճախորդների միջոցների պաշտպանությունը՝ տեղեկատվության հրապարակման և թափանցիկության ապահովման այլ պահանջների տեսքով: Օրենքի հեղինակները կարծում են, որ փոփոխությունները հնարավորություն կտան հաճախորդներին օգտվել մատուցվող պրոֆեսիոնալ ծառայություններից, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն որոշումներ կայացնելու համար, անհրաժեշտության դեպքում դիմել ֆինանսական հաշտարարին և օգտվել իրենց շահերի պաշտպանության համար առկա այլ հնարավորություններից:
Հովհաննիսյանը կարծում է, որ օրենքը դրական ազդեցություն կունենա հանցագործությունների բացահայտման առումով, որոնք Հայաստանում կատարվում են կրիպտոարժույթի միջոցով:
«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ մասն իրականացվում է նաև վիրտուալ արժույթով։ Կարող են լինել բազմաթիվ այլ հանցավոր խմբեր, որոնք ֆինանսավորվում են կրիպտոարժույթով, բայց հետքը դեռ պետք է որոնել: Այսինքն՝ վերահսկողության լուրջ խնդիր կա»,- պարզաբանեց ՔՊ խմբակցության քարտուղարը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանում որոշ տարադրամի փոխանակման կետերում քաղաքացիները կարող են կանխիկացնել կրիպտոարժույթը՝ առանց ինքնությունը հաստատելու, ինչը, նրա կարծիքով, նաև ռիսկեր է պարունակում, որ քաղաքացիներն այդ գումարները կարող են ստանալ ապօրինի։
«Օրինակ՝ 100,000 դրամը գերազանցող գումարի դեպքում, եթե չեմ սխալվում, հաճախորդի ինքնությունը պետք է պարզվի։ Դա տեղի չի ունենում կրիպտոարժույթի կանխիկացման ժամանակ: Այսինքն՝ քաղաքացին տարբեր ձևերով՝ սկսած թմրամիջոցներից, թրաֆիքինգից մինչև քաղաքական ֆինանսավորում, կարող է ինչ-որ «սև» գումար վաստակել և կանխիկացնել՝ առանց ինքնությունը պարզելու։ Այս օրինագիծը նախատեսված է հենց այս խնդիրը լուծելու համար։ Եթե փակենք կանխիկացման ուղիները և ամեն ինչ արվի անկանխիկ եղանակով, ապա, պարզ է, որ այդ գումարները կլինեն հաշիվներում, իսկ հաճախորդների ինքնությունը կպարզվի»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Իշխող ուժի ներկայացուցիչը վստահեցրեց, որ օրինագծի քննարկումների ժամանակ կառաջարկի այնպիսի փոփոխություններ, որոնք օրենքի ընդունման պահից կպահանջեն նույնականացում կրիպտոարժույթ օգտագործող մարդկանցից։ Նա կարծում է, որ դա պետք է արվի մինչև 2026 թվականին օրենքի ուժի մեջ մտնելը։
«Հիմա կանխիկացում կա, բայց նույնականացում չկա, և այդ «սև» միջոցների շրջանառությունը փակելու համար պետք է բացահայտել հաճախորդներին։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականից, քանի որ տարբեր տեխնիկական հարցեր պետք է լուծվեն։ Անհրաժեշտ է մշակել օրինագծեր՝ կրիպտոարժույթի շրջանառությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու և մի շարք կանոնակարգերում փոփոխություններ կատարելու համար։ Կան լիցենզավորման, Կենտրոնական բանկի վերահսկողական գործառույթների և շատ այլ հարցեր, որոնք մասնագիտացված քննարկումներ են պահանջում։ Ուստի օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի սկզբից»,- պարզաբանեց նա։
Նա հավելեց, որ Հայաստանում գոյացած ցանկացած եկամուտ կրիպտոարժույթների ոլորտում պետք է հարկվեն։ Նա հավելեց, որ քաղաքացիները պետք է պարտադիր ներառեն նաև կրիպտոդրամապանակով ստացված միջոցների հայտարարագրումը։
«Մենք գիտենք, որ կան կրիպտոարժույթների շրջանառության որոշակի ոլորտներ, որտեղ արձանագրվում են օրենքի խախտումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, զենքի առևտուր, տարբեր հանցավոր խմբերի ֆինանսավորում, քաղաքական ֆինանսավորում, որը չի հայտարարվում։ Մարդիկ թաքցնում են գումարները և կանխիկացնում դրանք։ Կարելի է խոսել նաև ապօրինի սեփականության մասին։ Այսինքն՝ սա բավականին լուրջ բաց է։ Եվ այդ խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում»,- ասաց ՔՊ ներկայացուցիչը։
Նա ընդգծեց, որ այս նախագծով առաջարկվում է կոնկրետ խնդիրներ լուծել այլ երկրներում օգտագործվող գործիքների միջոցով։
«Չեմ կարծում, որ հիմա խոսում ենք բանկային համակարգի, այս ոլորտի ամբողջական կարգավորման մասին։ Խոսքը միայն մեկ հատվածի մասին է՝ Հայաստանում կրիպտոարժույթն այլևս հնարավոր չի լինի կանխիկացնել․ լինելու է միայն անկանխիկ շրջանառություն՝ փոխանցումների միջոցով»,- հավելեց Հովհաննիսյանը։
Մեկնաբանելով կրիպտոարժույթների ոլորտում հետագա հարկման հավանականությունը՝ նա վստահություն հայտնեց, որ Հայաստանում գոյացած ցանկացած եկամուտ պետք է հարկվի։
«Համապատասխան վճարումները պետք է ուղղվեն պետբյուջե, այդ թվում՝ ապահովելու Հայաստանում այս տեսակի գործունեությամբ փաստացի զբաղվողների հետագա գործունեության հնարավորությունը։ Բոլորս հարկ ենք վճարում, որպեսզի պետությունը մեզ տարածք, անվտանգություն ունենալու հնարավորություն տա, որպեսզի կարողանանք գործունեություն ծավալել։ Եթե մարդկանց որոշակի խմբեր չեն ցանկանում հարկ վճարել, ապա նրանց նկատմամբ պետք է համապատասխան օրենսդրություն կիրառվի։ Նույնը վերաբերում է կրիպտոարժույթին»,- նշեց նա։
Հարցին, թե նախատեսվո՞ւմ է կրիպտոարժույթը ներառել եկամուտների հայտարարագրերում, Հովհաննիսյանն ասաց, որ կրիպտոարժույթի հայտարարագրումը պարտադիր է։
«Խնդիրը վերահսկողությունն է։ Բայց նորից խոսում ենք գլոբալ խնդրի մասին, այս խնդիրը կա ամբողջ աշխարհում։ Հայտարարագրի թերթիկները կրիպտոարժույթի վերաբերյալ պարունակում են համապատասխան կետ»,- եզրափակեց ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։