«Ֆասթ» բանկը գործարկել է UBPay վճարահաշվարկային համակարգը, որը բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս 24/7 գրաֆիկով փոխանցումներ և ստացումներ իրականացնել Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ, հայտնել են բանկից։
Բանկի հաճախորդներն անձը հաստատող փաստաթղթով կարող են մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ, լրացնել ստացողի տվյալները՝ անուն, ազգանուն, ստանալ «Ֆասթի» կողմից տրամադրված ստուգիչ կոդը և գումարը փոխանցել ստացողին։
«Ռուսաստանից փոխանցումներ կարող են կատարել՝ մոտենալով UBPay վճարահաշվարկային համակարգին միացած ստացման կետերից։
«Ուղարկման արժույթը ռուբլին է, իսկ ստացման արժույթը ՀՀ դրամը և ՌԴ ռուբլին։ Դեպի ՌԴ ուղարկման համար կիրառվող սակագինը կազմում է փոխանցվող գումարի 1%ը, իսկ ստացման համար սակագին չի կիրառվում։ Մեկ փոխանցման առավելագույն գումարը 5 մլն ՀՀ դրամը կամ 500 000 ռուսական ռուբլի է։ Մեկ փոխանցման նվազագույն գումարը 1000 դրամը կամ 100 ռուսական ռուբլի է»,- հստակեցրել են բանկում։
Հարթակը հնարավորություն է տալիս նաև փոխանցումներ ստանալ Հունաստանից, Կիպրոսից, Իսրայելից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, ինչպես նաև գործարքներ կատարել Հայաստանի ներսում: UBPay դրամական փոխանցումների համակարգը գրանցված է ՀՀ-ում և վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: