Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին փակ քվեարկությամբ Կոտայքի նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ընտրեց։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 66-ը։
Նրա խոսքով՝ Մեսրոպյանն ընտրվել է 65 կողմ, 1 դեմ ձայնով։
Հոկտեմբերի 10-ին ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ չբացահայտելով պատճառը։ Բաղրամյանը ՀԾԿՀ ղեկավարի պաշտոնն զբաղեցնում էր 2019 թվականի ապրիլից։
Նոյեմբերի 5-ին «Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստում որոշել էր Մեսրոպյանին առաջադրել որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու։
Մեսրոպյանը 2019-2020 թվականներին ՀԾԿՀ անդամ էր։ 2020 թվականի նոյեմբերի 26-ին նա նշանակվել էր Կոտայքի մարզպետ, զբաղեցրած պաշտոնից ազատվել էր 2021-ի մայիսին։