Երևանի ավագանին 34 կողմ, 0 դեմ, 23 ձեռնպահ ձայներով ընդունեց տրանսպորտի սակագների արտոնությունների փաթեթը, ըստ որի հունվարի 1-ից՝ միասնական տոմսային համակարգ ներդրումից հետո, հանրային տրանսպորտից օգտվող առանձին խմբերի համար կգործեն այլ սակագներ, առանձին խմբեր տրանսպորտից անվճար կօգտվեն։
Նոյեմբերի 19-ին Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ նախագիծը ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները։
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նոյեմբերի 19-ի ավագանու նիստում մանրամասնել է, որ մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտը կշարունակի անվճար լինել։
«Դպրոցականների՝ 8-ից մինչև ներառյալ 18 տարեկանների համար տրանսպորտը 20%-ով մատչելի կլինի։ Նույն տարիքի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաները տրանսպորտից կօգտվեն անվճար, 63 տարեկանը լրացած թոշակառուները տրանսպորտի համար 30%-ով ավելի քիչ կվճարեն։ Երևանում սովորող ուսանողների համար, անկախ նրանց հաշվառման վայրից, կգործի 15% արտոնություն, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողները տրանսպորտից կօգտվեն անվճար։ Հաշմանդամություն ունեցող անձանց, պետական խնամքի տակ գտնվող մանկատներում և ծերանոցներում գտնվողների համար ևս տրանսպորտն անվճար կլինի»,- ասել է փոխքաղաքապետը։
Գրիգորյանը հայտնել է, որ նպաստառուները, որոնք «Փարոսի» շահառուներ են, տրանսպորտից 20%-ով մատչելի կօգտվեն։
«ԽՍՀՄ հերոսների, սոցիալիստական աշխատանքի հերոսների, Հայաստանի ազգային հերոսների, «Մարտական խաչի» առաջին ու երկրորդ աստիճանի և փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց համար տրանսպորտը կշարունակի անվճար լինել։ Բազմազավակ ընտանիքների ծնողները, որոնք 4 կամ ավելի երեխաներ ունեն, տրանսպորտից կօգտվեն անվճար»,- ընդգծել փոխքաղաքապետը։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Հոկտեմբերի 14-ին Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը։
Հոկտեմբերի 31-ին «Մայր Հայաստան» ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը Երևանի իշխանություններին մեղադրել էր կոռուպցիոն սխեմաների մեջ՝ կապված նոյեմբերի 1-ից ավտոբուսների ուղեվարձի վճարման նոր կարգի ներդրման հետ։ Նա հայտարարել էր, որ ըստ պայմանագրի՝ Telcell-ն ու քաղաքապետարանն արդեն պետք է տեղադրած լինեին բանկային քարտերի համար սարքեր, որ մարդիկ կարողանային 100 դրամ վճարել։
Նոյեմբերի 3-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։