ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կկայանա Ռուսաստանի տարածքում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
Նա նշել է, որ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովը կնախագահի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայկական կողմի խնդրանքով հանդիպումը կազմակերպվելու է Ռուսաստանի տարածքում, թեև նիստը վարելու է ՀՀ վարչապետ Փաշինյանը։ Հրավերներ են ուղարկվել»,- հայտարարել է դիվանագետը։
2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը 2024 թվականի հունվարի 1-ից կստանձնի ԵԱՏՄ մարմինների նախագահությունը։ Նա նշել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ն ընկալում է որպես տնտեսական ասոցիացիա, որը չունի աշխարհաքաղաքական օրակարգ։
Հունվարի 1-ից ԵԱՏՄ մարմիններում նախագահությունն անցել էր Հայաստանին։
Մայիսի 8-ին Մոսկվայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում էներգառեսուրսների ոլորտում ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն ձգձգվել է։ Վարչապետը նշել էր, որ իր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն իր անդամ երկրների տնտեսությունների համար դարձել է տնտեսական սերտ փոխգործակցության նշանակալի հարթակ։