Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում 6 ամսով երկարաձգեց Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ գյուղատնտեսական մի շարք ապրանքների արտահանումը։
ՀՀ կառավարության որոշմամբ նախագծով 6 ամիս ժամկետով արգելվեց մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի և ձեթի արտահանումը։
Կառավարության հիմնավորմամբ որոշումը Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման նպատակով է։
«Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և ՀՀ-ից վերաարտահանվող ապրանքների վրա»,- ասված է նախագծում։
Կառավարությունից հիշեցրել են, որ 2024 թվականի հունիսի 14-ի որոշմամբ սահմանվել էր արտահանման ժամանակավոր արգելք` 6 ամիս ժամկետով, որի գործողությունը կավարտվի 2025 թվականի հունվարի 3-ին։