Պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2025 թվականին Հայաստանում կկազմի 54,3%, խորհրդարանում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Դեֆիցիտի մակարդակի ավելացումը պարտքի ցուցանիշը կհասցնի 54,3% մակարդակի, սակայն այն կշարունակի գտնվել կառավարելի մակարդակում՝ չառաջացնելով ֆիսկալ կայունության որևէ ռիսկ»,- ասել է նա։
Նախարարը պարտքի ավելացումը կապել է համաշխարհային հարկաբյուջետային կայունության փոփոխությունների հետ և նշել, որ բնակչության ծերացման, գլոբալ տաքացման և հակամարտությունների աճի ֆոնին աշխարհի գրեթե բոլոր երկրները բախվում են ծախսերի աճի խնդրին։
Նրա խոսքով՝ երկրները լուծում են այդ խնդիրները՝ բարձրացնելով հարկերը, ավելացնելով արտաքին պարտքը և կրճատելով այլ ծախսերը։ Կանխատեսվում է, որ մինչև 2024 թվականի ավարտ համաշխարհային պարտքը կհասնի 100 տրիլիոն դոլարի, իսկ պարտք-ՀՆԱ միջին հարաբերակցությունը կկազմի 93%, նշել է Հովհաննիսյանը։
Պետական բյուջեի դեֆիցիտը պահպանվել է ՀՆԱ-ի 5,5%-ի մակարդակում և կազմել 604 մլն դրամ։ Բյուջեի ծախսերը 2025 թվականին կկազմեն 3,4 տրլն դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2,7 տրլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 մլրդ դրամ։
«Բյուջեի ծախսերը 1-ին փուլի համեմատ նվազել են 40,8 մլրդ դրամով, ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 42,4 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն աճել են 1,7 մլրդ դրամով»,- մանրամասնել է նախարարը։
Պետբյուջեի եկամուտները կկազմեն 2,8 տրլն դրամ, ինչը 35,5 մլրդ դրամով պակաս է բյուջեի նախագծի նախնական տարբերակից։
«Այս անկումը հիմնականում պայմանավորված է ՀՆԱ-ի վերանայման արդյունքում հարկային եկամուտների նվազմամբ»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։
Ֆինանսների նախարարության ղեկավարը 2025 թվականի համար ՀՆԱ-ի աճի կանխատեսումն իջեցրել է մինչև 10,8 տրլն դրամ, ինչը 158 մլրդ դրամով պակաս է առաջին կանխատեսումից, իսկ տնտեսական աճի կանխատեսումը նվազել է 0,5%-ով և կազմել 5,1%։
Նա հավելել է, որ ՀՆԱ ցուցանիշի ամփոփոխ, 25% մակարդակի պահպանման պայմաններում Հարկային եկամուտները նվազել են 39,6 մլրդ դրամով, պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1,6 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ինչպես նպատակային և աջակցության դրամաշնորհների ավելացմամբ, այնպես էլ փոխարժեքի փոփոխությամբ:
Այլ եկամուտների 2,6 մլրդ դրամով ավելացումը պայմանավորված է առանձին եկամտատեսակների գնահատումով, ինչպես նաև փոխարժեքի փոփոխությամբ, եզրափակել է Հովհաննիսյանը։
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 15-ին վավերացրել էր Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) միջազգային զարգացման հիմնադրամի հետ 50 միլիոն եվրոյի երկրորդ վարկի վերաբերյալ համաձայնագիրը կայուն զարգացման ծրագրերի համար, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի հետ, որը 89,4 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանի բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։