ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ խոսել է Վերին Լարսի անցակետում հսկողության ընթացակարգերի պարզեցման մասին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Գրիգորյանի և Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը։
Գրիգորյանի խոսքով՝ անցակետերում հսկողության ընթացակարգերի էական պարզեցումը դրական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ գործարար կապերի ամրապնդման և երկու երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման վրա:
Նշվում է, որ Գրիգորյանն ընդգծել է առևտրատնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության բարձր մակարդակը:
Նա նաև հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում և դրա շրջանակներում կարևորել միջուկային բժշկության ոլորտում գործընկերությունը:
Օվերչուկը նշել է, որ երկու երկրների առևտրատնտեսական կապերը շարունակում են զարգանալ, առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրը, 2024 թվականի 10 ամիսների տվյալներով, կազմել է 10,2 մլրդ դոլար։ Սա ավելի քան կրկնակի է նախորդ տարվա նույն ցուցանիշից»,- ասել է՝ ընդգծելով, որ առևտրատնտեսական հարաբերություններում կողմերը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով վճարումներին. ռուսական ռուբլու մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում հասել է 96,3%-ի։
Հայաստանի արդյունաբերական նախագծերում ռուսական ներդրումները հասել են 3,4 միլիարդ դոլարի, հավելել է Օվերչուկը։
«Բացի ուղղակի ներդրումներից, ակտիվորեն աշխատում են նաև Եվրասիական զարգացման ինստիտուտները։ Այստեղ ակտիվ աշխատանքներ են տարվում, այդ թվում՝ աջակցելու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որն առաջ է քաշել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է նա։
Սեպտեմբերի 13-ին Երևանում Օվերչուկը հայտարարել էր, որ 2023 թվականին երկու երկրների միջև առևտուրն աճել է 55,8 տոկոսով՝ մինչև 7,4 միլիարդ դոլար։ Նա նշել էր, որ 2024թ․ առաջին կիսամյակում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 8,4 մլրդ դոլար և մինչև տարեվերջ կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի։