Հայաստանի պետական պարտքը մինչև 2024 թվականի վերջ կկազմի ՀՆԱ-ի մոտավորապես 49,8%-ը, ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ վկայակոչելով նախարարության նախնական գնահատականները։ Ֆինանսների նախարարության աշխատանքի արդյունքներով ասուլիսը հեռարձակվել է Armenia Today YouTube-յան ալիքով։
«Մեր նախնական գնահատումներով սպասում ենք, որ ՀՆԱ-ի ցուցանիշը կլինի 5,5% շրջանակներում այս տարի, պարտքի մակարդակը սպասվում է 50% շրջանակներում»,- ասել է Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ 2025 թվականին Հայաստանը պետք է վճարի շուրջ 1,6 մլրդ դոլար հիմնական պարտքի և մոտ 780 մլն դոլար՝ սպասարկման համար։ Բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորվի եվրոպարտատոմսերի թողարկման, բյուջետային աջակցության վարկերի և տեղական պարտատոմսերի թողարկման միջոցով։
«Եթե վերջին տարիներին մենք մեծացրել էինք մեր դրամային պարտքի կշիռը, որը մոտավորապես հասել է 48%-ի, ապա մյուս տարի սա ավելի նվազելու է կախված մեր կանխիկի պահանջարկից։ Այսինքն արտարժույթքային կարիքներից ելնելով մենք որոշել ենք, որ մյուս տարի մի փոքր ավելի շատ ենք դոլարային պարտք վերցնելու քան այս տարի»,- նշել է նախարարը։
Հովհաննիսյանի խոսքով՝ իշխանությունները պարտքի կառավարման մի քանի նոր գործիքներ են ներդրել։ Դրանց թվում է արժեթղթերի վաճառքի նոր կայքէջը, որտեղ կարելի է ուսումնասիրել տեղեկատվություն, հաշվարկել ժամկետներն ու տոկոսները, առցանց հարթակում կատարել գնումներ։ Մյուս գործիքը բորսայական աճուրդների մեկնարկն է, որը պետք է դինամիկա բերի պարտատոմսերի շուկա։ Առաջիկայում նախարարությունը ներդնելու է նաև նպատակային և գնաճի հետ կապված պարտատոմսերի թողարկման ծրագրեր՝ շուկայի գնաճային սպասումները վերահսկելու նպատակով։
Ֆինանսների նախարարության ղեկավարը նշել է, որ պարտքի մասին նոր օրենքի քննարկումները վերջնական փուլում են, և իրենք հույս ունեն այն ընդունել 2025 թվականի առաջին կիսամյակում։
«Նոր օրենքը նպատակ ունի ուղակի մեր առկա օրենքը տերմինների և հասկացությունների առումով դարձնել ավելի համահունչ միջազգային պրակտիկայի հետ և ավելի թափանցիկ դարձնելու հաշվետվողականությունը և դասակարգումը երևույթների ավելի ճշգրիտ իրականացնել, որպեսզի այն նաև համադրելի լինի այլ երկրների օրենքների հետ»,- պարզաբանել է նա։
Միակ փոփոխությունն այն է, որ երաշխիքներն այլևս չեն արտացոլվի որպես պարտքի մաս, եզրափակել է Հովհաննիսյանը։
Դեկտեմբերի 3-ին ֆինանսների նախարարն ասել էր, որ 2025 թվականին Հայաստանում պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կկազմի 54,3%: Նա պարտքի ավելացումը կապել էր գլոբալ հարկաբյուջետային կայունության փոփոխությունների հետ և նշել, որ բնակչության ծերացման, գլոբալ տաքացման և հակամարտությունների աճի ֆոնին աշխարհի գրեթե բոլոր երկրները բախվում են ծախսերի աճի խնդրին։