Կայացավ Մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստը: Օրակարգում ռեկտորի ընտրության հարցն էր, առաջարդրված միակ թեկնածուն հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանն էր:
Նիստին ներկա էին Խորհրդի բոլոր` 20 անդամները: Առաջադրված ռեկտորի թեկնածուն ներկայացրեց բուհի զարգացման գործողությունների իր ծրագիրը:
Սրբուհի Գևորգյանն առանձնացրեց բուհի զարգացման առաջնահերթությունները, ներկայացրեց առաջիկա տարիների տեսլականն ու անելիքները մանկավարժական կրթության ճգնաժամի համատեքստում: Նա անդրադարձավ նաև դիմորդների թվի նվազման, ընդունելությունն այլընտրանքային եղանակով կազմակերպելու նոր փաթեթի մշակման անհրաժեշտության, հետազոտող ուսուցչի հրամայականի մասին հարցերին:
«Փոխվել են սովորողները, ուսուցման գործընթացը, սպասումները: Կրթական համակարգը ենթարկվել է տրանսֆորմացիայի. տրանսֆորմացիա է պահանջում նաև ուսուցչի դերը:Այս առումով նորարար, արագորեն զարգացող հասարակությունը պահանջում է լուրջ փոփոխություններ նաև մանկավարժական կրթության համակարգում: Փաստենք, որ մանկավարժական կրթությունը ճգնաժամ է ապրում»,-նշեց Սրբուհի Գևորգյանն ու հավելեց, որ մանկավարժական մայր բուհն այս տեսանկյունից պետք է հանդես գա որպես մանկավարժական գործունեության գաղափարների մոդելների ստեղծող, նախաձեռնող:
Խոսելով ուսուցչի մասնագիտության յուրահատկությունների մասին` Սրբուհի Գևորգյանը անդրադարձավ նաև ժամանակակից մանկավարժական կրթության առջև ծառացած մարտահրավերներից բխող այլ խնդիրներին:
Ներկաները ռեկտորի թեկնածուին ուղղեցին հարցեր, որոնք վերաբերում էին բուհ-դպրոց-շրջանավարտ կապին, միջգիտակարգային հետազոտություններին, դասախոսների մասնագիտական վերապատրաստումներին, ուսումնառության որակի ապահովմանը, ինչպես նաև հետազոտական ձեռքբերումները դպրոց հասցնելու հնարավորություններին, համընդհանուր ներառականության խնդիրներին և այլն:
ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը որպես պետության ներկայացուցիչ վստահեցրեց` բուհը միայնակ չի կարող լուծել ծառացած խնդիրները և այդ գործում պետությունը մեծ անելիք ունի. «Պետք է մշակվի հատուկ պետական քաղաքականություն, լրացուցիչ գործիքակազմ, ինչի հետևանքով կկարողանանք ունենալ որակյալ ուսուցիչներ: Պետք է ցուցաբերվի համակցված մոտեցում` սկսելով ուսուցչի մասնագիտությունը գրավիչ դարձնելուց»,-հավելեց Խորհրդի նախագահը:
Վերջինս այն կարծիքին է, որ նոր խնդիրներ չավելացնելու համար պետք է համատեղ աշխատանք տանել, գտնել լավ ներուժ և փորձառություն ունեցող հաստատությունները և նրանց ներգրավվել այդ աշխատանքներում` դրական և կառուցողական մթնոլորտում:
«Մանկավարժական բուհը մեր երկրի համար ունի վճռորոշ նշանակություն: Յուրաքանչյուրիս աշխատանքից շատ բան է կախված»,-վստահեցրեց փոխնախարար Անդրեասյանն ու հույս հայտնեց, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
Ելույթ ունեցան նաև խորհրդի անդամներ պրոֆեսորներ Էդվարդ Ղազարյանը, Լեմս Ներսիսյանը, Սամվել Պիպոյանը, Համլետ Հարությունյանը, խորհրդի քարտուղար Կամո Վարդանյանը և ուսանողական համակազամից՝ Համլետ Պետրոսյանը։
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով, միաձայն` 19 կողմ, ձայնով պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն ընտրվեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր: 1 քվեաթերթիկ անվավեր համարվեց քվեարկության նշանը սահմանված կարգով չդնելու համար։ Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց նորընտիր ռեկտորին և նշեց, որ միաձայն քվեարկությունն այն ամուր հիմքն է, որի վրա համատեղ կկատարեն ահռելի աշխատանք: Խորհրդի անունից Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց. «Խորհուրդը Ձեզ հետ գործելու է որպես մեկ թիմ: Ձեր հաջողությունները մեր հաջողություններն են»:
Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավելեց, որ դա շատ պատվաբեր և պարտավորեցնող է: Նա ոգեշնչող համարեց Խորհրդի պատրաստակամությունը և ընդգծեց` լիահույս է, որ բուհը կհաղթահարի մանկավարժական կրթության առջև ծառացած ճգնաժամը:
Խորհրդի անդամներն իրենց ելույթներում վստահեցրին, որ Սրբուհի Գևորգյանի անցած գիտամանկավարժական ուղին, փորձառությունն ու գիտելիքները, երկարամյա նվիրումն աշխատանքին միայն օգտակար կլինեն բուհի ղեկավարման գործում: Նրանք ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեցին համախմբել ջանքերն ու աջակցել այս բարդ ժամանակներում բուհի ռազմակավրության իրագործմանը:
– See more at: https://aspu.am/hy/content/mankavarzhakan_hamalsarani_rektor_yntrvec_profesor_srbuhi_gevorgyany/#sthash.fFOOSlJx.dpuf