Նախորդ տարի աշնանը մեծ աղմուկ հանեց Երևանի դպրոցներից մեկում ուսուցչից աշխատանքի ընդունվելու համար գումար պահանջելու և այնուհետև պարբերաբար վճարումներ ստանալու հանգամանքները նշող ձայնագրությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ձայնագրության հիման վրա հիմա արդեն նախկին տնօրենը նախարարության կողմից զրկվել է հավաստագրից։
Փոխնախարարի խոսքով՝ արդեն կա դատավճիռը, որով նախկին տնօրենը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու և մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից։ Միջադեպի մյուս մասնակիցների մասով նույնպես կայացված են համապատասխան վճիռներ։
«Գիտեմ, որ նման դեպքերի մասին ներքին խոսակցություններ լինում են, բայց շատերը խուսափում են բարձրաձայնել։ Կարծում եմ՝ այս դեպքը ցույց է տալիս, որ բարձրաձայնել պետք է, և որ դա կունենա հետևանք։ Որ ամենակարևորն է՝ հուսամ, այս նախադեպը կկանխի համակարգում նման երևույթները։ Կրթությունը չպիտի լինի կեղծիքի տեղ»,- նշել է Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ Բլոկի անվան դպրոցի ուսուցչուհիներից մեկը մամուլին տրամադրել էր ձայնագրություն իր և տնօրենի մասնակցությամբ կաշառք տալու ու ստանալու վերաբերյալ: Մելինե Հակոբյանի և տնօրեն Մարինե Մալախյանի խոսակցության ձայնագրությունից պարզ էր դառնում, որ ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել 1500 դոլար վճարելու շնորհիվ, իսկ հետո էլ աշխատավարձի մի մասն է պարբերաբար տվել տնօրենին:
Տեղեկությունը տարրական դասարանում դասավանդող ուսուցչուհին հաստատել էր նաև «Լուրերի» հետ զրույցում՝ ասելով, որ կատարվածի մասին որոշել է բարձրաձայնել, երբ տնօրեն Մարինե Մալախյանը արդեն աշխատավարձի 50 տոկոսն է պահանջել: