ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ կրթության մինչև 2023 թվականի զարգացման ծրագիրը։ Այն կառավարության հուլիսի 28-ի նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նա իր խոսքում հիշեցրեց, որ կրթության զարգացման վերջին ծրագիրն ընդունվել է 2011 թվականին։
Մարտիրոսյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար սահմանվել են վերջնական երեք ուղղություններ։
– Առաջինը՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն միջավայրի ձևավորումն է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում,
– Երկրորոդը՝ կրթության ապահովության բարձրացումը, ինչը կապահովի ռեսուրսների առավել օպտիմալ տեղաբաշխում,
– Երրորդը՝ կրթական ծառայությունների միջազգայնացումն և արտահանումը՝ շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում։
Մարտիրոսյանը նշեց նաև կրթության մի քանի կարևոր առաջնահերթություն։ Դրանց թվում են դպրոցների շենքային բավարար պայմանները, համացանցային հասանելիությունը, որակյալ և ատեստավորված մանկավարժներով հագեցվածությունը, դասավանդողների գործունեության պատշաճ վարձատրությունը, պարտադիր կրթության համակարգից ոչ մի երեխայի դուրս չմնալը և այլն։
Ինչպես փոխնախարարն ասաց՝ ՀՀ բուհերը պետք է մրցունակ լինեն միջազգային ասպարեզներում, այս նպատակով ՀՀ բուհերի միջազգայնացման, կրթություն-գիտություն փոխգործակցության արմատական միջացառումներ են նախատեսվում։ Դրանք կստանդարտավորվեն ըստ մի շարք չափանիշների։ Այսպիսով 2030 թվականին բուհ, քոլեջ ավարտած քաղաքացիների 90 տոկոսը կկարողանա աշխատել ըստ մասնագիտության։
Փոխնախարարը կարևորեց բուհերի խոշորացումը, այսինքն՝ գիտահետազոտական կենտրոնների հետ միավորումը։ Կստեղծվի 100 տոկոս ֆինանսավորմամբ 5-8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը։
Նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ արդիական կրթական միջավայրի ապահովման կլաստեռների համախումբ։ Այս բարեփոխումների արդյունքում ակնկալվում է, որ օտարերկրյա ուսանողների շուրջ 7 600 թիվը կկրկնապատկվի։
Կընդլայնվեն նաև հայեցի կրթություն ստանալու աշխարհասփյուռ հայության մղումները․ ուսուցման միջոցները կզարգացվեն՝ նաև հեռավար։ Ծրագիրը կապահովի, որ սփյուռքի կրթօջախներն ինտեգրված լինեն ՀՀ կրթական համակարգ։