Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես գիտելիքի, գրի և դպրության օր: Այն սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:
Կրթությունը և գիտելիքը, որպես արժեք, հնուց ի վեր հայ իրականության մեջ ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը: Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայկական մտածելակերպին բնորոշ կողմերից են համարվել: Եվ պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, միշտ էլ տոնական է լինում:
Այնուամենայնիվ ողջ աշխարհում նշվող գիտելիքի օրը` սեպտեմբերի 1-ը, առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս:
Այսօր ՀՀ մի շարք դպրոցների աշակերտներ տոնական միջոցառման էին գնացել սպիտակ փուչիկներով: Ողջույնի խոսքից հետո դպրոցականները երկինք բաց թողեցին սպիտակ փուչիկները՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի:
Այսպես նրանք նաև հիշեցնում էին, որ երկրային կյանքում կան հազարավոր ուսումնատենչ երիտասարդներ, որոնք գիտելիքահեն հասարակության կորիզն են ու հայրենյաց ապագա պաշտպանները: