Հայաստանի թիմը Գերազանցության մրցանակ է ստացել երիտասարդ գիտնականների միջազգային մրցույթում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները մրցանակն ստացել են Ինդոնեզիայում կայացած Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին։
«Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտներ, այժմ արդեն ԵՊԲՀ 1-ին կուրսի ուսանողներ Մհեր Սարաֆյանը, Մանե Կուրղինյանը և 3-րդ կուրսի սովորող Մհեր Կուրղինյանը կենսաբանության ուսուցիչ Ռուբինա Հարությունյանի հմուտ ղեկավարությամբ ներկայացրել են իրենց հետազոտական 2 ծրագրերը, որոնք կատարվել են ՀՀ գիտահետազոտական հիմնարկների հետ համագործակցությամբ:
Հեղինակավոր մրցույթին մասնակցել է ավելի քան 1000 թիմ 5 մայրցամաքից, որոնցից եզրափակիչ փուլ է անցել 50 թիմ: Հայաստանի ուսանողների ներկայացրած երկու աշխատանքն էլ արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին՝ Գերազանցության մրցանակի /Excellence Award/՝ ստանալով երաշխավորություն՝ տպագրվելու Ինդոնեզիայի գիտական խորհրդի ամսագրում /Journal of Indonesia Scientific Society, JISS/: