ԿԳՄՍ նախարար ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Armenia Today-ի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք տարածված գրիպի, վիրուսների պատճառով դպրոցները փակվեն:
«Առողջապահության նախարարության հետ համատեղ հետևում ենք համաճարակային իրավիճակին: Համապատասխան ցուցումների պարագայում, բնականաբար, պատրաստ կլինենք քայլեր ձեռնարկել: Բայց այս պահին իրավիճակը բավականին վերահսկելի է: Եթե այդ ֆիլտրը գործի, այսինքն՝ հիվանդ երեխաներն ու աշխատակիցները չհաճախեն դպրոց, դասապրոցեսի դադարեցում կարող ենք չունենալ»,- ասաց նա՝ նշելով, որ Covid-ի ժամանակահատվածը սովորեցրել է նման խնդիրների հետ գործ ունենալ, և անհրաժեշտության դեպքում կարող են կիրառել նաև հեռավար կրթության հնարավորությունը:
«Իրավիճակն անընդհատ մշտադիտարկման տակ է: Եթե կարիք լինի, լրացուցիչ հարցեր կքննարկվեն, բայց այս պահին նման անհրաժեշտություն չկա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել էր, որ համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում: