ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կապանում դպրոցականների տեղափոխման ընթացքում տեղի ունեցած վթարին, ռուսական դպրոցների կառուցման հավանականությանն ու Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ապագային։
Անդրադառնալով Կապանում ողբերգական ելքով վթարին՝ նա նշել է, որ ծառայությունը չի կազմակերպվել կրթական լիազոր մարմնի կամ մարզպետարանի կողմից։
«Մասնավոր կազմակերպության նախաձեռնությունն է եղել, որը շրջակա գյուղի երեխաների համար դպրոց հաճախելու ծառայություն է մատուցում։ Սա, բնականաբար, որևէ բան չի նշանակում, տեղի ունեցածը մնում է մեր պատասխանատվության շրջանակում»,- ասել է նախարարը՝ նշելով, որ եղել է տեղում, ծանոթացել հանգամանքներին։
«Մենք հիմա ամբողջական վերլուծություն ենք կատարում, որ հասկանանք, թե ամբողջ երկրով մեկ դպրոցներում տրանսպորտային ծառայություններն ինչպես են կազմակերպվում»,- հավելել է Անդրեասյանը։
Անդրադառնալով Հայաստանում ռուսական դպրոցների կառուցման վերաբերյալ հարցին, նաև ՌԴ դեսպանի այն հայտարարությանը, որ այդ առումով աշխատանքային խումբ է ձևավորվել, Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օրակարգում դրված խնդիրը համատեղ ծրագիր ունենալու մասին է․ «Դեռևս քննարկման փուլում է կոնցեպտը։ Մեր պատկերացմամբ՝ դա պետք է լինի, օրինակ, հայ-չինական դպրոցի տարբերակով համատեղ նախաձեռնություն, որն առաջարկել ենք ռուսական կողմին»։
Հաշվի առնելով վերջին շրջանում ՌԴ քաղաքացիների հոսքը Հայաստան՝ նա հավելել է․ «Եթե նրանց համար կրթության հավելյալ ապահովման կարիք կա, ապա այդ հարցը ևս պատրաստ ենք քննարկել»։
Անդրադառնալով Վալերի Բրյուսովի անվան համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին, որտեղ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի՝ Դավիթ Գյուրջինյանի նշանակումից հետո բողոքի ալիք է բարձրացել, նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության քայլն այս պահին միակ հնարավոր ձևն էր։
Նրա խոսքով՝ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը նպատակ ունի ապահովել բուհի բնականոն գործունեությունը։ Իսկ թե բուհերի միավորման շրջանակում Բրյուսովի անվան համալսարանը որ բուհի հետ է միավորվելու, նա նշել է, որ չի պատասխանելու այդ հարցին, քանի որ կոնկրետ բուհի հարց այս պահին չի քննարկվում։
Մանրամասները՝ տեսանյութում։