ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին, որով առաջարկվում է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների պատճենները տրամադրել աշակերտներին կամ ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային եղանակով:
«Նշված դասարաններում 2023/24 ուսումնական տարում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որով պայմանավորված՝ փոխվում են նաև դասագրքերը և ուսումնական նյութերը: Նոր դասագրքերի տպագրությունն ընթացքի մեջ է, և դրանք փուլային տարբերակով կառաքվեն դպրոցներ սեպտեմբեր ամսվա ընթացքում»,-հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Նշվում է, որ դպրոցներին հանձնարարվել է զերծ մնալ ծնողներին դասագրքերը գնելու կամ դրանց էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից:
«Դպրոցն իր միջոցների հաշվին պետք է կազմակերպի դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից տպված համապատասխան թեմաների էջերը սովորողներին բաշխելու աշխատանքները: Հաշվի առնելով վերջին օրերին քաղաքացիներից ստացված ահազանգերն ու դժգոհությունները՝ տեղեկացնում ենք, որ դասագրքերի խնդիրը քննարկվել է օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ։ Դպրոցները տեղեկացված են եղել անցումային փուլի խնդիրների և ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին»,-ասված է հայտարարության մեջ։