ՀՀ ԿԳՄՍ-ն և Հունգարիայի ԱԳՆ-ն հուշագիր են ստորագրել, որով հստակեցվել են Հունգարիայի կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու ժամկետներն ու մանրամասները, տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2023-2025թթ. «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին»։ Հուշագրի համաձայն՝ հունգարական կողմը մինչև 2025 թվականը յուրաքանչյուր տարի կրթաթոշակային 30 տեղ կհատկացնի ՀՀ քաղաքացիներին՝ Հունգարիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում հունգարերեն կամ այլ օտար լեզուներ ուսանելու նպատակով»,-հայտնում են նախարարությունից։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հունգարերենի ուսուցումը նոր հեռանկարներ և հնարավորություններ կարող է բացել հայ երիտասարդների համար:
Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև հայոց լեզու, գրականություն և հայագիտական առարկաների դասավանդման ծրագրի իրականացումը Հունգարիայի պետական համալսարանում:
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պաշպանության հարցը: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայկական հարուստ մշակութային ժառանգությունն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից վերացման հստակ սպառնալիքի ներքո։ ԿԳՄՍ նախարարը Պետեր Սիյարտոյի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայոց պատմության և մշակույթի 5000 անշարժ հուշարձաններ, ինչպես նաև պետական 16 թանգարաններ, որոնց պահպանությանն ուղղված միջազգային հանրության հասցեական արձագանքը կարող է էական դեր ունենալ:
«Ամարասի վանական համալիրը, որտեղ 5-րդ դարում բացվել է առաջին հայկական դպրոցը, Գանձասարի վանական համալիրը և պատմամշակութային մի շարք այլ հուշարձաններ համաշխարհային քրիստոնեական ժառանգության կարևոր մասն են և, ցավոք, այսօր գտնվում են այլախեղման հստակ սպառնալիքի ներքո: Հույս ունենք՝ միջազգային հանրության և կառույցների ջանքերի մեկտեղման արդյունքում հնարավոր կլինի գտնել լուծումներ՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության համար: Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա՝ 2020-ից 2023 թվականներին հավաքագրել ենք փաստագրական տեսանյութեր և լուսանկարներ՝ հուշարձանների մասնակի կամ ամբողջական ոչնչացման շուրջ 50 դեպքերի վերաբերյալ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Այսօր Հունգարիայի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող 30 ուսանողի հունգարական բուհերում ուսանելու համար կրթաթոշակ տալու պայմանավորվածություն է ձեռք բերել: