Դասագրքերը պետք է տան պետականակենտրոն ուղերձներ, հունվարի 4-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է վստահ լինենք, որ մեր դասագրքերն այդ ուղերձները տալիս են: Պետք է լինեն պետականակենտրոն, պետության մասին պետք է լինեն, պետության պատմություն պետք է դա լինի և գրականությունն էլ պետք է լինի այդպիսին: Այդտեղ էլ շատ մեծ ամպլիտուդ կա, և պետք է շատ ուշադիր լինել: Եվ մենք, առանց սեթևեթելու, պետք է դա ասենք և ասում ենք՝ պետք է լինի պետականակենտրոն բովանդակություն: Դպրոցը պետական ինստիտուտ է, և ամեն ինչը պետք է համապատասխանի դրան, բացարձակապես ամեն ինչը»,- ասել է վարչապետը:
Խոսելով ատեստավորման գործընթացի կարևորության մասին՝ նա կարևորել է գիտելիքի և բովանդակության խորքային լինելը:
«Կներեք, «զուբրիդ» արած տեքստն ուրիշ է, տեքստին տիրապետելը՝ ուրիշ: Ի՞նչն է խնդիրը: Հասկանո՞ւմ եք, երբ կրթության ոլորտի մարդիկ ասում են՝ գիտեք ինչ, եկեք այս 3 հարցին պատասխանեմ, այն 50 հարցը թեմայի հետ կապ չունի, գուցե ճիշտ է, բայց ինչ-որ բան կա, մեզ համար դիսկոնֆորտ կա, որովհետև ուզում ենք գիտելիքի խորքն իմանալ: Մենք աշակերտի համար ենք դա անում: Աշակերտներ կան, հույս ունենք, որ կշատանան, որոնք այդ շրջանակի մեջ չեն, իրենք ընկալում են: Կարծում եմ՝ դա մեծ ողբերգություն է և մեծ դեմոտիվացիա է աշակերտի համար, եթե ինքը հարց է տալիս ուսուցչին և հասկանում է, որ ուսուցիչը բացարձակապես գաղափար չունի իր տված հարցից: Ոչ ոք ամեն ինչ չի կարող իմանալ, բայց դասի ընթացքում մտքի աշխատանք պետք է տեղի ունենա և այն, ինչ չգիտես, պետք է իմանաս, թե ոնց հարաբերվես: Եվ այստեղ գիտելիքի խորքի խնդիր կա»,- հավելել է նա։
Պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի «Հայաստանի պատմության» 7-րդ դասարանի դասագիրքն առաջացրել է փորձագետների սուր քննադատությունը․ նրանք պնդում են, որ այն պետք է հանել կիրառությունից, քանի որ խեղաթյուրում է պատմական փաստերը, չունի հայեցակարգ և կազմվել է հապճեպ։
Դեկտեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ուշադիր են դաշտում հայտնված մասնագիտական կարծիքներին ու հանդիպում կլինի այն ներկայացուցիչների հետ, որոնք հանրային կամ ոչ հանրային ձևով արել են իրենց դիտարկումները: Ըստ նախարարի՝ Մասնակցային դպրոց հիմնադրամի ներկայացուցիչը հայտնել էր, որ իրենք քննարկել են այդ դիտարկումները և դրանց զգալի մասը պատրաստվում են ընդունել՝ հաշվի առնելով բերված փաստարկները:
Ավելի վաղ Armenia Today-ը հարցում էր անցկացրել դպրոցական նոր դասագրքերի, այդ թվում՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի վերաբերյալ։