ԿԳՄՍ նախարարությունն առաջարկել է անվանափոխել միջնակարգ դպրոցի «Հայոց պատմություն» առարկան՝ դարձնելով «Հայաստանի պատմություն»: Համապատասխան նախագիծը տեղադրված է Իրավական նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։
Ըստ նախագծի հիմնավորման՝ Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայոց պատմություն» առարկան հանդիսանում է պարտադիր առարկա՝ ի թիվս «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» առարկաների, որոնցում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները:
«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով նախարարությունը փորձում է «Հայ ժողովրդի պատմությունն» առանձնացնել «Հայաստանի պատմությունից» և «սահմանազատել» երկու առարկաների ուսումնասիրության ժամկետները։
«Արդյունքում՝ ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»,- ասված է նախագծում:
Նախագծում բերված են միջազգային փորձի օրինակներ եվրոպական երկրներից։ Օրինակ՝ Ֆրանսիայի դպրոցներում ուսուցանում են Ֆրանսիայի պատմություն, ոչ թե ֆրանսիացների, Լեհաստանում՝ Լեհաստանի պատմություն և այդպես շարունակ, ասված է նախագծում։
Գերատեսչությունը համարում է, որ մոտեցումն «ինստիտուցիոնալ» է։
«Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն»,- նշված է նախագծի տեքստում։