ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը շրջանառությունից հանելու հիմքերի բացակայության մասին։
«Մենք անկախ մասնագիտական կարծիք ենք ստացել, որտեղ որոշ կետերում մասնագետը համաձայնել է հեղինակի դիրքորոշման հետ, որոշ կետերի առումով առաջարկել է վերանայումներ անել։ Մենք այդ առաջարկներն ուղարկել ենք հեղինակին, այժմ սպասում ենք հեղինակի վերջնական աշխատանքին։ Եթե այդ առաջարկներն ընդունելի լինեն, ապա դասագիրքն ամբողջությամբ զերծ կլինի վրիպակներից, խնդիրներից, անճշտություններից և կարող է շարունակել գործածվել դպրոցներում»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է նախարարը։
Անդրադառնալով Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած գիրքը շրջանառությունից հանելու պահանջով դատարան դիմելու գործընթացին՝ նա նշել է, որ դասագիրքը «շրջանառությունից հանելու խոսք լինել չի կարող»։
«Դասագիրքը մնում է շրջանառության մեջ, այն շրջանառությունից հանելու որևէ հիմք չկա»,- հավելել է Անդրեասյանը։
Փետրվարի 27-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ հայց է ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարարությունից պահանջելով գործածությունից հանել դասագիրքը։
Իշխանությունները դասագիրքը ներառել են դպրոցական ծրագրում 2023 թվականի սեպտեմբերին։ Պատմաբաններն ու մանկավարժները խստորեն քննադատել են դասագիրքը՝ պատմությունը խեղաթյուրող փաստական սխալների համար։ Պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն Armenia Today-ին ասել էր, որ դասագրքում չեն հիշատակվում նաև Արևմտյան Հայաստանի հայկական հուշարձանները։ Նա դասագիրքը կապել էր երկրի Սահմանադրությունը փոխելու իշխանությունների պլանների հետ, ինչպես պահանջում են Թուրքիան և Ադրբեջանը։ Դասագիրքը քննադատել են նաև հարցմանը մասնակցած ուսուցիչները։ Անդրեասյանը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ նախարարությունը լրամշակում է դասագիրքը՝ հաշվի առնելով քննադատությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։