Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ քննարկում է ունեցել և հայտնել, որ «Ակադեմիական քաղաք» նախագիծը դժվար իրագործելի է և դժվար թե մինչև 2030 թվականն այն իրականանա, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Փաշինյանը հայտնել է, որ նախագիծը դժգոհություններ է առաջացրել։ Խոսակցությունը գնացել է նախագծի չեղարկման ուղղությամբ»,- գրել է թերթը։
ԿԳՄՍ-ից թերթին հայտնել են, սակայն, որ «նախագիծը սահմանված ընթացակարգով առաջ է գնում և սահմանված կարգով իրականացվում է»։
Նախարարությունը պնդում է, որ հստակ որոշում ունի՝ «ամեն գնով» իրագործել «Ակադեմիական քաղաք» նախագիծը, սակայն մինչ օրս բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ և՛ պետական, և՛ մասնավոր, հստակ համաձայնություն ու կարծիք չեն ստացել:
2022 թվականի սեպտեմբերի 1-ին Փաշինյանը հայտարարել էր կրթության ոլորտում բարեփոխումների մասին, որոնց շրջանակում նախատեսվում է Հայաստանում ստեղծել 8 միավորված գիտահետազոտական համալսարան՝ պետական լիարժեք ֆինանսավորմամբ, ինչպես նաև կառուցել «Ակադեմիական քաղաք», որտեղ կտեղափոխվեն բոլոր բուհերը: 2023թ. հոկտեմբերի 19-ին Անդրեասյանը հայտարարել էր, որ «Ակադեմիական քաղաքի» բացումը Հայաստանում նախատեսվում է 2030 թվականի հունվարին։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները դեմ են համալսարանը Երևանի կենտրոնից «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու մասին որոշմանը, ինչի վերաբերյալ դիմում են ներկայացրել ԿԳՄՍՆ։ Ավելի վաղ թեմայի շուրջ Armenia Today-ը հարցում էր անցկացրել և ռեպորտաժ պատրաստել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։