ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի հավելավճար: Որոշումն ընդունվեց ապրիլի 18-ի կառավարության նիստի ժամանակ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց՝ կառավարությունը նախորդ տարի հոկտեմբերին սահմանել էր, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մարզային դպրոցներում և իրենց ուսուցչական աշխատանքը շարունակել առանց մրցույթի՝ ընդունվելով աշխատանքի և ստանալով աշխատավարձի 30 տոկոս հավելավճար երկու տարվա ընթացքում։
Նախարարը հավելեց, որ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Գեղարքունիքի և Տավուշի որոշ խոշորացված համայնքներում ուսուցիչները նաև ամսական 50 հազար դրամ են ստանում՝ բացի 30 տոկոս հավելավճարից: Նախարարը չնշեց, թե որքան են ստանալու ուսուցիչները՝ հաշվի առնելով այս հավելավճարը։
«Այս նախագծով մենք արդեն բաշխում ենք անհրաժեշտ միջոցներն՝ ըստ մարզերի: Պետք է ասեմ, որ ուսուցիչների կողմից բավականին մեծ հետաքրքրություն կա. այս պահի դրությամբ մենք ունենք արդեն 330 ուսուցիչ, և դիմումների թիվը գնալով ավելանում է»,- ասաց նախարարը:
Ըստ Անդրեասյանի՝ դա է պատճառը, որ մեկ զուգահեռ այլ նախագիծ են շրջանառում, որով դիմելու ժամկետը կերկարացնեն, այսինքն՝ ուսուցիչները կունենան դիմելու և այս ընթացակարգով աշխատանքի անցնելու հավելյալ հնարավորություն: Նրա խոսքով՝ Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների թիվը հասել է 500-ի։
«Նրանք այն ուսուցիչներն են, որոնք հիմնականում Երևանի դպրոցներում են աշխատանքի անցել կամ ուղղակի մասնակցել են մրցույթների, բայց մենք տեսնում ենք, որ այն պահից, երբ մարդիկ ավելի կողմնորոշված են իրենց բնակավայրի հարցում, արդեն նաև շատ ավելի մեծ պատրաստակամությամբ են այս ծրագրից օգտվում»,- նշեց նախարարը։
2023 թվականի հոկտեմբերի 16-ին գործարկվել էր ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը։ Մեկ օրում ԿԳՄՍՆ-ն ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցչի դիմումներ էր ստացել։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանվել և Հայաստան էր տեղափոխվել 100 632 Արցախի քաղաքացի։
Դիտեք Armenia Today-ի ռեպորտաժը, որտեղ պատմվում է նաև կրթական ոլորտում առաջացած խնդիրների մասին։