Կառավարությունը կփոխհատուցի մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների վերապատրաստման կամ կրթության ծախսը: Որոշումը կայացվել է կառավարության մայիսի 2-ի նիստում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մատնանշել է համակարգում առկա խնդիրները, որոնց պատճառով անհրաժեշտ է եղել հետաձգել օրենքի իրագործումը 2011թ․-ից մինչև 2018թ., այնուհետև՝ մինչև 2023թ.։
«Ուսուցիչներն ունեցել են շուրջ 12 տարի՝ բարձրագույն կրթություն ունենալու պահանջն իրագործելու համար։ Համակարգում շարունակում էին մնալ ավելի քան 1300 ուսուցիչ, որոնք չունեին բարձրագույն կրթություն, շարունակում էին դասավանդել և օրենքի պահանջի համաձայն՝ 2023-ի օգոստոսից պետք է դադարեցնեին ուսուցչական աշխատանքը»,- ասել է Անդրեասյանը։
Նա հիշեցրել է, որ այժմ օրենքում կատարել են փոփոխություններ, որով հնարավորություն են տվել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին մասնակցել կամավոր ատեստավորմանը, և շեմը հաղթահարելու դեպքում՝ շարունակել իրենց աշխատանքը: Նախարարը հայտնել է, որ ավելի քան 150 մարդ ցանկություն ունի բարձրագույն կրթություն ստանալ և շուրջ 500 ուսուցիչ՝ մասնակցել վերապատրաստումներին։
«894 ուսուցիչ, որ չունեին բարձրագույն կրթություն, նախորդ տարի դիմեցին կամավոր ատեստավորման համար, նրանցից 354-ը համարվել են ատեստավորված, շարունակում են իրենց ուսուցչի աշխատանքը և բարձրացված աշխատավարձ են ստանում»,- հավելել է նախարարը:
Նրա խոսքով՝ մի քանի հարյուր ուսուցիչ օրենքի պահանջներին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են մանկավարժական գործունեությունը, թեև պահպանում են ուսուցչի աշխատանքը վերսկսելու համար օրենսդրությամբ սահմանված երկու եղանակներից որևէ մեկից օգտվելու հնարավորությունը՝ կա՛մ բարձրագույն կրթություն ստանալ, կա՛մ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցել և հաղթահարել սահմանված շեմը։
«Այս հարցում այդ մարդիկ կարիք ունեն աջակցության՝ կա՛մ բարձրագույն կրթության նպատակով ուսման վճարի փոխհատուցման տեսքով, կա՛մ կամավոր ատեստավորմանը նախապատրաստվելու նպատակով պետության կողմից կազմակերպվող վերապատրաստմանը մասնակցելու տեսքով»,- նշել է նախարարը:
Անդրեասյանը մանրամասնել է նաև, թե ինչպես է իրականացվելու օժանդակության գործընթացը։
«Բուհ ընդունվելու դեպքում առաջին կիսամյակի վարձը փոխանցելու ենք, իսկ երկրորդ կիսամյակից սկսած՝ գործելու է մոգի նվազագույն շեմ, այսինքն՝ ուշադրություն ենք դարձնելու առաջադիմությանը, որովհետև նրանք պատրաստվում են հետո ուսուցիչ աշխատել»,- ասել է նա՝ հավելելով, որ եռամսյա ժամկետում դիմումները կընդունվեն բուհերում, բուհերը կփոխանցեն նախարարություն, որը կիրականացնի աջակցություն։