Հայաստանը տրանսպորտային նախագծի իրականացման շուրջ բանակցություններ է սկսել իտալական ընկերության հետ, ըստ որի՝ «Ակադեմիական քաղաքի» համար կայարան է կառուցվելու, Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ առաջիկայում սկսելու են նախագծի իրականացման աշխատանքերը։ Նախարարը նշել է, որ երկաթուղի արդեն կա և այն գործում է։
«Մենք ունենք գործող երկաթգիծ։ Խոսքը կայարանի կառուցման և երկաթգծի վրա անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու մասին է։ Սա տրանսպորտային նախագծի մի մասն է, որը գլխավոր հատակագծից առանձին աշխատանք է ենթադրում։ Մենք նախագծի իրականացման համար այժմ բանակցություններ ենք վարում իտալական տրանսպորտային ընկերության հետ»,- պարզաբանել է նախարարը։
2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Անդրեասյանը նշել է, որ «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարել էր կրթության ոլորտի բարեփոխումների մասին, որոնց շրջանակներում Հայաստանում կստեղծվի ութ խոշորացված բուհ՝ պետության ամբողջական ֆինանսավորմամբ։ Նա տեղեկացրել էր, որ կկառուցվի «Ակադեմիական քաղաք», որտեղ կտեղակայվեն բոլոր 8 բուհերը։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին Կրթության նախարարը հայտնել էր, որ «Ակադեմիական քաղաքի» բացումը նախատեսված է 2030 թվականի հունվարին։