Նախորդ տարի նոր չափորոշչի տրամաբանությամբ արդեն իսկ 7-րդ դասարանում ներդրվել էր պատմություն առարկայի նոր դասագիրքը, և այստեղ մենք որոշակի լրամշակման ախատանքներ ենք ունեցել։ Այսպես ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց Armenia Today-ի այն հարցին, թե արդյոք նախարարությունը նախատեսո՞ւմ է փոխել հայ ժողովրդի պատմության գրքերի բովանդակությունը՝ հաշվի առնելով, որ առարկայի անվանումը դառնում է «Հայաստանի պատմություն»։
«Գալիք սեպտեմբերից 8-րդ և 10-րդ դասարանների առարկայական դասագրքերի մասին պետք է խոսքը գնա, մրցույթները հայտարարված են, այդ մրցույթներին ներկայացված են մեկական դասագրքի հավակնորդ ուսումնական նյութեր, որոնք գտնվում են փորձաքննության փուլում։ Առաջիկա օրերի ընթացքում կամփոփվեն նաև փորձաքննության արդյունները և դրանց հիման վրա պարզ կդառնա երաշխավորված դասագիք ունե՞նք, թե՞ ոչ, որոնք տպագրությունից հետո կմտնեն դպրոցներ»,- ասաց նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ գրքերը մինչև տպագրվելն էլեկտրոնային հարթակում հրապարակված կլինեն, որպեսզի կրթական համակարգի շահառուներն իրազեկվեն գործընթացի մասին։
Նախարարը մեկնաբանելով հայոց պատմության դասաժամերի կրճատման մասին Armenia Today-ի հարցը՝ ասաց, որ պատմության դասաժամերի կրճատում կամ փոփոխություն չի լինելու։
«Ես հասկանում եմ, որ դրանք անվերջ խոսակցություններ են, և մենք չենք հոգնելու անվերջ ասելու, որ նման բան չկա»,- նշեց Անդրեասյանը։
Փետրվարի 27-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ հայց է ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարարությունից պահանջելով գործածությունից հանել դասագիրքը։
Իշխանությունները դասագիրքը ներառել էին դպրոցական ծրագրում 2023 թվականի սեպտեմբերին։ Պատմաբաններն ու մանկավարժները խստորեն քննադատել են դասագիրքը՝ պատմությունը խեղաթյուրող փաստական սխալների համար։ Պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն Armenia Today-ին ասել էր, որ դասագրքում չեն հիշատակվում Արևմտյան Հայաստանի հայկական հուշարձանները։ Նա դասագիրքը կապել էր երկրի Սահմանադրությունը փոխելու իշխանությունների պլանների հետ, ինչպես պահանջում են Թուրքիան և Ադրբեջանը։
Դասագիրքը քննադատել են նաև Armenia Today-ի հարցմանը մասնակցած ուսուցիչները։ Անդրեասյանը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ նախարարությունը լրամշակում է դասագիրքը՝ հաշվի առնելով քննադատությունները։