Ինֆորմատիկայի 36-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ, ինչպես նաև գովասանագրեր, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել սեպտեմբերի 1-8-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որին մասնակցել է 97 երկրի 370 դպրոցական։
Օլիմպիադայի արծաթե մեդալը նվաճել է «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը, բրոնզը՝ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Ծովակ Եգորյանը։ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանը և ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանն ստացել են գովասանագրեր։
Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով. յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։ Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը և ուսանող Սամվել Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ 2023թ. Հայաստանի թիմն Ինֆորմատիկայի 35-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Հունգարիայում, արժանացել էր 3 բրոնզե մեդալի։